Հայաստանն ու Նիդերլանդները դեսպանատուն հիմնելով համագործակցությունը դարձնում են ավելի արդյունավետ. դեսպանի ծրագրերը բազմազան են

Հայաստանն ունի մեծ հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում: Նիդերլանդները Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մի շարք ուղղություններով արդեն իսկ աշխատանք է տանում, որոնցից են կադաստրային բարեփոխումների և գյուղատնտեսության ոլորտները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, ով խոսեց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին:

Նիկո Սխերմերսը կարևորեց դեսպանության հիմնումը Հայաստանում, որը, ըստ նրա, ավելի արդյունավետ կդարձնի համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանը նշեց, որ ներկա պահին լուծվում են տեխնիկական հարցերը, և շուտով Նիդերլանդները կունենա դեսպանատուն Հայաստանում:

«Մենք ունենք մի շարք քաղաքական ծրագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, առաջին հերթին Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը աջակցելն է: Օրենքի գերակայությունը կարևոր է ոչ միայն անվտանգության տեսանկյունից, այլ նաև օտարերկրյա ուղղակի ներդրումներ բերելու և, ընդհանրապես, տնտեսական զարգացման տեսանկյունից: Մեր մյուս առաջնահերթությունը մարդու իրավունքների գերակայությանը աջակցելն է: Եթե մարդիկ երկրում ունեն հավասար հնարավորություններ զարգանալու, ինտեգրվելու և այլն, ապա երկրի տնտեսությունը նույնպես բարձր մակարդակի կլինի»,- ընդգծեց Սխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը նաև կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով, որ Նիդերլանդների համար այն շատ կարևոր ոլորտներից է, և իրենց երկիրն առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում:

«Կարծում եմ, որ բազմաթիվ են համագործակցության ոլորտները՝ և մենք կարող ենք աջակցել Հայաստանին, և Հայաստանը  շատ բան ունի մեզ առաջարկելու»,- ընդգծեց Սխեմաները:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ աշխատանքը: «Միշտ կա բարելավելու տեղ, և հենց սա էր պատճառներից մեկը, որ հիմնում ենք Հայաստանում դեսպանություն, որ մեր համագործակցությունը դարձնենք ավելի լավ և արդյունավետ: Բացի այդ, ինձ համար իրապես հաճույք է լինել Հայաստանում, աշխատել հայերի հետ և ծանոթանալ մշակույթին: Ես հանդիպել եմ շատ հայերի և ստացել եմ հայկական հյուրասիրության ջերմությունը: Սա շատ հյուրընկալ երկիր է և հույս ունեմ, որ երկար տարիներ այստեղ կլինեմ»,- շեշտեց դեսպանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: