Արարատի ոստիկանները բացահայտել են Լուսառատ գյուղի բուժամբուլատորիայում կատարված գողությունը․ Տեսանյութ

Հունվարի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուսառատ գյուղի բուժամբուլատորիայից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին բուժամբուլատորիայի աշխատասենյակներից մեկի պատուհանը և գողացել համակարգչային սարքավորումներ՝ ստեղնաշար, բարձրախոսներ, տեսախցիկ և այլ աքսեսուարներ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին։ Հաղորդումից օրեր անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տվյալներն իրացնելու արդյունքում։ Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի մի անչափահաս բնակիչ: Փետրվարի 1-ին նա ներկայացվեց ոստիկանության Արարատի բաժին:

Հարուցվել է քրեական գործ։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն։