Պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել. «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, այն անցել է կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։

Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։

 Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության և նվիրվածության համար։