Ավելի քան հինգ տասնյակ սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ գերատեսչություններում

Սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու «իԳործ» ծրագրով 2020-ին հինգ տասնյակից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանում գերատեսչություններում, առնվազն 6-ը որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«իԳործը» առաջին անգամ է իրականացվել 2020-ին: Դրա նպատակն է սփյուռքի մասնագետներին  Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելը: Չնայած համավարակի և պատերազմի հետ կապված խոչընդոտներին՝ կարողացել ենք հաջող կերպով մեկնարկել ծրագիրը: Արդյունքում 19 տարբեր պետական կառույցներում 52 մասնագետներ են ներգրավված»,-ասաց Սինանյանը:

Պահանջն այն է, որ մասնագետը պետք է ավարտած լինի աշխարհի լավագույն համալսարաններից մեկը և ունենա գոնե մագիստրոսի կոչում:

Սինանյանի խոսքով՝ կան անհատներ, որոնք ծրագրեր են առաջարկել գերատեսչություններին, կան անհատներ, որոնք լավ աշխատանքի համար մշտական աշխատանքի առաջարկ են ստացել: Մի աշխատակից էլ պաշտոնապես նշանակվել է նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն: «Գիտենք,որ  առնվազն 6 մասնակից որոշել է հայրենադարձվել և մշտապես բնակվել ՀՀ-ում»,-նշեց հանձնակատարը:

 2021-ին ծրագիրը երկրորդ անգամ է մեկնարկելու, դրա համար նախատեսվել է 50 հոգու մասնակցություն:

«իԳործ»-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում, որի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը: