Վաշինգտոնը ձգտում է վերածվել նահանգի. Հանրապետականները դա չեն ուզում

«Ամերիկայի Ձայնը» գրում է.

Մայրաքաղաք Վաշինգտոնում են կայացվում ԱՄՆ-ի քաղաքական ամենագլխավոր որոշումները: Սակայն զավեշտական է, որ այս քաղաքում բնակվող անձինք չունեն Կոնգրեսի համար քվեարկելու իրավունք, քանի որ այս քաղաքին, որպես Կոլումբիայի շրջան, ԱՄՆ-ում տրված է ուրույն կարգավիճակ:

Երբ ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ, որպես հեղաշրջման փորձ, իրականացվեց գրոհ, Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուսերը չուներ ոստիկանությանն օգնելու համար Ազգային գվարդիայի ջոկատներին այստեղ հրավիրելու արտոնություն: Պատճառը նահանգի կարգավիճակ չունենալու հանգամանքն էր: Եվ այս փաստը մեկ անգամ եւս ընդգծում է Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելու անհրաժեշտությունը:

Քաղաքապետը դժգոհում է, որ այստեղ բնակվող 706,000 անձինք որեւէ ձայն չունեն Կոնգրեսում, որի դեմ իրականացվել էր հարձակում հենց իրենց աչքի առջեւ:

Վաշինգտոնը, որպես Կոլումբիայի շրջան, չունի այնպիսի ինքնավարություն, ինչպիսին ունեն նահանգները: Այս շրջանի բյուջեն ու տեղական օրենքները, ի տարբերություն նահանգների, ենթակա են Կոնգրեսի կողմից հաստատման:

Քաղաքի բնակիչները մուծում են դաշնային հարկեր, սակայն չունեն իրենց ներկայացուցիչը Կոնգրեսում: Վաշինգտոնը, նույնն է ինչ Կոլումբիայի շրջանը, Կոնգրեսում ունի պատվիրակ առանց քվեարկելու իրավունքի: Էլեանոր Հոլմս Նորթոնի խոսքերով, Միացյալ Նահանգներն աշխարհի միակ պետությունն է, որն իր մայրաքաղաքի բնակչությանը չի տալիս այն իրավունքները, որոնք ունեն մայրաքաղաքից դուրս բնակվող քաղաքացիները: Նա առաջարկում է շրջանից երկու քառակուսի մղոնը հատկացնել Կապիտոլիումին, Սպիտակ տանն ու կառավարությանը ենթակա հաստատություններին, մնացյալ 66 քառակուսի մղոնը վերածել նոր նահանգի:

Սակայն Կոնգրեսում հանրապետականները դեմ են այս առաջարկին: Հարցն այն է, որ մայրաքաղաքը հիմնականում աջակցում է դեմոկրատներին ու այն նահանգի վերածելու դեպքում դեմոկրատները կստանան եւս երկու տեղ Սենատում:

Ինչպես հանրապետական կոնգրեսական Դասթի Ջոնսոնն է ասում, ‘’Անցած 200 տարիների ընթացքում նահանգի կարգավիճակ են ստացել այն տարածքները, որոնք ունեցել են առնվազն վեց միլիոն ազգաբնակչություն, կամ զբաղեցրել են առնվազն տասը հազար քառակուսի մղոն տարածք: Վաշինգտոնը չունի ոչ մեկը, ոչ էլ մյուսը’’, ասում է նա:

Ինչեւէ, Ներկայացուցիչների պալատը Նորթոնի ներկայացրած օրենքի բանաձեւը քննարկման է դնելու այս ամսվա ընթացքում: Սակայն, եթե այն նույնիսկ հավանության արժանանա Կոնգրեսի ստորին պալատում, գրեթե անհավանական է թվում, որ կանցնի վերին պալատում` Սենատում, որտեղ դեմոկրատներն ունեն միայն չափազանց փոքր առավելություն: