Շուշիի Հին Շեն գյուղում, բացի խաղաղապահներից, Արցախի բանակի ստորաբաժանումներ կան, և, կարծում եմ՝ հիմա ապահով է․ Նախարար

Ժիրայր Միրզոյանը

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի հետ կապված խնդիրը կարծես լուծվել է, և այժմ այնտեղ պաշտպանությունն իրականացնում են ռուս խաղաղապահ զորքերը, ինչպես նաև Արցախի պաշտպանության զինծառայողները։

Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

Հին Շեն տանող միակ ճանապարհը, նախարարի փոխանցմամբ, ադրբեջանական հատուկ ծառայության զինուժը փակել էր, ինչի հետևանքով շուրջ երկու օր փակվել էր նաև գյուղ ելումուտը։

«Եկել կանգնել են ու թույլ չեն տվել, որ մարդիկ գյուղի հիմնական ճանապարհից օգտվեն, ներսուդուրս անեն։ Դրանից նաև հոգեբանական խնդիրներ էին առաջացել, մասնավորապես, գյուղացիների մեջ տագնապ կար, վախ կար զինված ադրբեջանցիների ներկայությունից»,- իրավիճակը ներկայացրեց Ժիրայր Միրզոյանը։

Այժմ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղն ապաշրջափակված է, և դա արվել է ռուս խաղաղապահների ժամանումից հետո, նախարարի խոսքով՝ «ճնշման տակ ադրբեջանցիները հեռացել են»։

Այժմ, ըստ Միրզոյանի, ճանապարհը բաց է, գյուղ մտնել-դուրս գալու խնդիր չկա։ Նախարարը, սակայն, չի կարող ասել, թե մարդկանց շրջանում վախեր չկան այդ դեպքից հետո։ «Այս պահին, բացի խաղաղապահներից, Արցախի բանակի ստորաբաժանումներ կան, և, կարծում եմ՝ հիմա ապահով է»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերին, ապա, ըստ Ժիրայր Միրզոյանի, ադրբեջանական հարձակման հետևանքով այդ գյուղերն այժմ նրանց վերահսկողության տակ են, և ռուս խաղաղապահներն այդ գյուղերից հետ են քաշվել։

Իր ղեկավարած նախարարության լիազորությունների շրջանակում Միրզոյանը ամենագլխավոր խնդիրը համարում է տեղահանված և անտուն մնացած շուրջ 40 հազար արցախցիների բնակարանային ապահովման հարցը։ 

«Տեղահանվածների բնակարանային ապահովման հարցերը փորձ են արվում լուծել, համակարգել, բայց դրանք չափազանց շատ են, և՛ ծավալով, և՛ տարածքային իմաստով բավական մեծ խնդիրներ են առաջացնում կառավարության համար։

Այս պահին ամբողջ ուժով և մի բան էլ ավելի, աշխատում ենք, որպեսզի գոնե Արցախի տարածքում առանց տան մարդ չմնա։

Իսկ ով Հայաստանի Հանրապետությունում է, խնդրել ենք, որ շարունակեն մնալ իրենց այդ պահի կացարաններում, մինչև տուն կառուցվի, ապահովենք, նոր վերադառնան»,- նշեց Ժիրայր Միրզոյանը։

Դիտարկմանը, թե ՌԴ ՊՆ-ն ամեն օր հայտարարում է, որ օրական 500-600 քաղաքացի վերադառնում է Արցախ, և հարցին, թե որտեղ են ապրում այդ մարդիկ, կա՞ն կացարաններ նրանց համար, նախարարը պատասխանեց․

«Դա ՌԴ բանակի ամենօրյա վիճակագրությունն է, որ հրապարակվում է, և վերադարձողների մեծ մասը տուն ունեցողներն են։

Այս պահին էլ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչները ամբողջությամբ վերադարձած չեն։ Խոսքը հիմնականում այդ բնակիչների մասին է, որոնք վերադառնում են իրենց տներ»։

Ըստ նախարարի՝ կան նաև այնպիսի բնակիչներ, որոնք Հայաստանում չունեն կեցավայր և վարձակալելու հնարավորություն ու ստիպված վերադառնում են, դիմում պետական մարմիններին, որպեսզի իրենց ապահովեն բնակարաններով։

«Այդպիսի բնակիչների համար առաջին փուլում հյուրանոցային ամբողջ հնարավորություններն ենք օգտագործել, հետո հանրային նշանակության որոշ շենքեր փորձել ենք հարմարեցնել բնակության համար։ Բացի այդ, գյուղերում ունենք ազատ բնակֆոնդ, որը բնակության համար պիտանի դարձնելու նպատակով ֆինանսական միջոցներ են պահանջվում»,- հավելեց Միրզոյանը։ 

Բնակարանային ապահովման հարցը, պաշտոնյան հույս ունի, կլուծվի երեք տարվա ընթացքում, քանի որ Արցախում շուտով մեկնարկելու է բնակարանաշինության ծրագիր։ 

«Բնակարանային ապահովման ծրագիր կա նախագծված, և այդ խնդիրը երեք տարի հետո լուծված կլինի, եթե ռազմական կամ քաղաքական այլ խոչընդոտներ չլինեն»,-նկատեց Միրզոյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am