Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի գործով դատավորի կայացրած որոշումը

Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը, որով նա բավարարել էր դատախազների բողոքը առաջին ատյանի դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից:

Վճռաբեկ դատարանը, 2021 թվականի մարտի 17-ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ, գտել է, որ այն չէր կարող քննության առնվել վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա է հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից:

2019 թվականի մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, որոնք բավարարվել էին Արմեն Դանիելյանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։