«Կոչ ենք հղում միջազգային կազմակերպույթուններին՝ գործնական քայլեր ձեռնարկել Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ»․ Արցախի ԿԳՄՍ նախարար

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի կոչը

Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը:

Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք ակնհայտորեն մատնանշում են հայ ժողովրդին պատկանելիությունը:Ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա այդ երկրի նախագահի կողմից նոր որակ ու ընթացք է տրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը: Ընդամենը ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին՝ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության պատահականության և օրեր առաջ կատարած հայկական հուշարձաններից հայատառ գրությունների ոչնչացման մասին հրահանգը վերստին փաստում են, որ համամարդկային արժեքներից խոսող Ադրբեջանի նախագահը շարունակում է մի կողմից մոլորության մեջ դնել միջազգային հանրությանը՝ փորձելով ներկայանալ որպես ՛՛քաղաքակիրթ՛՛ երկրի ղեկավար, իսկ մյուս կողմից՝ տարվող իրական քաղաքականությունը ակնհայտորեն փաստում է, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:Այլևս ակնհայտ իրողություն է, որ առավել վտանգված է մեր պատմամշակութային ժառանգության հետագա գոյությունը ստեղծված քաղաքական իրավիճակում: Նման վերաբերմունքը ավելի է խորացնում հակամարտությունը՝ ի չիք դարձնելով խաղաղ ճանապարհով այն հանգուցալուծելու միջնորդ երկրների ջանքերը:

Կոչ ենք հղում համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպույթուններին՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: