Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար

Լարսի անցակետում բեռնատարները կանգնած են, սակայն խնդիրը կապված է հիմնականում եղանակային պայմանների հետ, պետությունը զբաղվում  այդ հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի դիտարկմանը:

Պատգամավորի տեղեկությամբ՝ արդեն 20 օրից ավել է, ինչ բեռնատարները կանգնած են Լարսի անցակետում, և խնդիրը եղանակային պայմանների հետ կապ չունի:

«Ես ամենօրյա հաշվետվություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում Լարսում: Եվ իրոք, խնդիր կա: Բայց ինձ հավատացնում են, որ այդ խնդիրը հիմնականում կապված է հենց եղանակային պայմանների հետ, իսկապես շատ վատ վիճակ է: Կանգնած են ոչ միայն հայկական մեքենաները, այլ նաև մյուս բոլորը՝ վրացական, թուրքական և մյուսները»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը, որը ներկայացուցիչ ունի Լարսում, ինտենսիվ զբաղվում են ՝ նաև շփվելով տնտեսվարողների հետ: Քերոբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կլուծվի:

«Մեզ պետք է, որ այդ սահմանի վրա մեքենաները կանգնեն ոչ այս կողմից, ոչ այն կողմից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հիմա պլան ենք մշակում, որ հաջորդ տարի այլևս այս խնդիրն ընդհանրապես չունենանք, ունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ թույլ կտա եղանակային պայմանները շրջանցել»,-եզրափակեց նախարարը: