Հայաստանն իսկապես գնահատում է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելը. ՀՀ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և Հայաստանը իսկապես գնահատում է դա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Համաձայն չեմ, որ Հայաստանը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախում ունեն Ռուսաստանից: Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, և մենք իսկապես գնահատում ենք այն, որովհետև ի վերջո պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց դա փաստ է: Հակառակ պարագայում մենք կունենայինք ամբողջովին այլ իրավիճակ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ-ն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգային ոլորտում: Ըստ Այվազյանի` պատերազմի ընթացքում Հայաստանը տեղեկացրել է իրավիճակի վերաբերյալ, բայց չի դիմել ՀԱՊԿ-ին: