Սուեզի ջրանցքում վերսկսվել է նավարկությունը

Սուեզի ջրանցքով նավարկությունը վերսկսվել է: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Եգիպտոսի նախագահի նավահանգիստների և Սուեզի ջրանցքի զարգացման հարցերով խորհրդական, ծովակալ Մոհաբ Մամիշը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փրկարարական անձնակազմերին հաջողվել է Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել «Ever Given» բեռնատար նավը:

220 հազար տոննա ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ բեռնատար նավը պատկանում է Ճապոնիայի «Shohei Kisen» ընկերությանը: Մարտի 23-ին ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով նավը փոխել է ընթացքի ուղղությունն ու առջևի մասով բախվել ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին, օգտագործվել է հատուկ տեխնիկա:

Սուեզի ջրանցքը աշխարհի ամենածանրաբեռնված ծովային առևտրի ուղիներից մեկն է: Ջրանցքի երկարությունը 160 կիլոմետր է, լայնությունը `մինչև 250 մետր, խորությունը` մինչև 20 մետր: