Յոթ շրջանների վերադարձ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Lragir.am

Lragir.am – Թեզ են շրջանառում, որ այս իշխանությունը Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում կորցրեց: Այս մասին այսօր Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Ղարաբաղի հարցում: Վերջերս լրատվականներից մեկում մի փաստաթուղթ հրապարակվեց, որում ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և պաշտոնական հերքումներ նախորդ իշխանությունից չեն եղել», – նշել է Փաշինյանը:

Ես կարծում եմ, որ այդ փաստի բերումը կարող ենք արձանագրել, թե Սերժ Սարգսյանն ինչ ժառանգություն է թողել սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերիալ:

Ըստ այդ փաստաթղթի, որը ներկայացրեց Փաշինյանը, ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակներ են 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցք: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտումը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Ընդ որում, հարցերը կարող են ներառել կարգավիճակի բոլոր տարբերակները:

Ըստ փաստաթղթի՝ վերաբնակները լքելու են 5 շրջանների տարածքները, Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին ԼՂԻՄ շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների, Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ մշտադիտարկման տակ:

Մինույն ժամանակ, մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով , որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը:

«Սա այն ժառանգությունն է, ըստ այս հրապարակման, որը չի հերքվել, որը եղել է սեղանին: Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությւոնը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի: Ես ուրիշ բան եմ ասում՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե ոչ: Թող Արցախի ժողովուրդն ասի՝ իր համար ընդունելի է թե ոչ: Թող հայ ժողովուրդն ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ սա է ընդունելի տարբերակը, ճիշտ բովանդակությունը, երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին, ոչ մի պրոբլեմ չի լինի: Պնդում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որ շահարկումները վերանան, որովհետև երբ ընտրվել եմ վարչապետ, ինձ առաջարկվել է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ: Իմ պատասխան տեքստը եղել է 2019 թվականի մարտին Ստեփանակերտում ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իր տեքստը: Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսին մեր կառավարությունն է», հայտարարեց ՀՀ վարչապետը: