Հորդորել և հորդորում ենք կրել դիմակ. պատգամավորն անդրադարձավ Covid-ի թվերին և առաջիկա քարոզարշավին

ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը չի բացառում, որ եթե համաճարակային իրավիճակը շատ մտահոգիչ լինի, թվերն ավելի շատանան, կախված իրավիճակից, գուցե կանգնեցնեն, նախընտրական, ընտրական գործընթացը, սակայն այս պահին նման մտավախություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում առաջիկայում սպասվող քարոզարշավը:

Զեյնալյանը հիշեցրեց արդեն Հայաստանում առկա պատվաստանյութերի մասին, առնվազն հերթագրումներ իրականացվում են, և շուտով կսկսվի պատվաստումների գործընթացը: «Միաժամանակ պահելով հակահամակաճարակային բոլոր կանոնները, կարծում եմ, այստեղ մենք որևիցե խնդիր չենք ունենալու»,- ասաց նա:

Անդրադառնալով մարզերում վարչապետի հետ քաղաքացիների հանդիպումների ժամանակ շատերի դիմակ չկրելու մասին հարցին՝ պատգամավորն ասաց. «Թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ, և դա ամենևին էլ պայմանավորված չէ վարչապետի այցելություններով մարզեր: Արվում է առավելագույնը, որ կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը»,-ասաց Զեյնալյանը:

Նա կարևորեց նաև բնակչության զգոնությունը: «Մենք բազմիցս հորդորել ենք և շարունակում ենք հորդորել բնակչությանը կրել դիմակներ և լինել առավել զգոն՝ մանավանդ նման հավաքներին: Իշխանությունը կրում է պատասխանատվություն, և մենք բազմիցս այդ հորդորն ու կոչը հնչեցնում ենք»,- նշեց Զեյնալյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ընտրությունները չեղարկվեն, եթե համավարակի հետ կապված պատկերը առավել մտահոգիչ դառնա առաջիկայում, պատգամավորն ասաց. «Այս պահին նման մտավախություն չկա: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական, ընտրական պրոցեսը, միգուցե նաև այդ քայլին գնանք»: Նա վստահեցրեց, որ եթե թվերը շատ աճեն, և վերլուծություն արվի, որ համաճարակը կառավարելի չէ, բնականաբար, այդ պահին կկայացվի համապատասխան որոշում: