«Արդեն այսօր գյուղացիները տասնյակ տոննաներով ծիրանը ձեռներին մոլորվել են ու չգիտեն՝ ո՛նց անեն, որ այդ ծիրանը սպառվի». գյուղատնտես

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գյուղատնտես, Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Տիգրան Մաթևոսյանը

Պարո՛ն Մաթևոսյան, ծիրանի բերքն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, ինչպե՞ս է: Արտահանումն արդեն սկսվե՞լ է:

– Մոտավորապես 2.5 հեկտար այգի ունեմ, որից 2 հեկտարը ծիրան է, իսկ 0.5-ը՝ սալոր: Ծիրանի բերքն այս տարի շատ ավելի լավ է, քան նախորդ տարի: 2 տոննա բերք եմ ստացել, իմ բերքը մշակում եմ միայն սովորական մեթոդով, քիմիական պարարտանյութեր չեմ օգտագործում, միայն գոմաղբ: Դեռևս մեկ ամիս առաջ էի ասել, որ բերքի իրացման հետ կապված խնդիրներ են լինելու, հատկապես՝ արտահանման մասով:

Մտավախությունս կապված էր Լարսի ճանապարհի հետ, ինչն էլ իրականություն դարձավ, որովհետև շատ բեռնատարներ օրերով Լարսում կանգնած են մնում՝ ինչ-որ արհեստական խնդիրներով պայմանավորված: Լարսում տիրող վիճակը բերեց վատ հետևանքների:

Նախ ասեմ, որ մեր գյուղացիներն իրենց պաշտպանել չգիտեն, որովհետև, չգիտես ինչու, իրենց բողոքի ձայնն առկա խնդրի վերաբերյալ չեն բարձրացնում, բայց արդեն այսօր գյուղացիները տասնյակ տոննաներով ծիրանը ձեռներին մոլորվել են ու չգիտեն ո՛նց անեն, որ այդ ծիրանը սպառվի:

Եթե արտահանումն արհեստականորեն խոչընդոտված է, բերքը, բնականաբար, մնալու է ու փչանա, ինչն իր հետ կբերի սարսափելի գնանկման, այն պարագայում, երբ գյուղատնտեսական աշխատանքները շատ են թանկացել, բայց որպեսզի բերքը չփչանա, մարդիկ ստիպված էժան վաճառում են, մարդ կա՝ 150 դրամով ծիրան է վաճառում, խոսքը մեծածախ վաճառքի մասին է:

Ինչո՞ւ եք ասում, որ արտահանումն արհեստականորեն է խոչընդոտված:

– Դե, դա գալիս է Լարսում տիրող իրավիճակից: Եթե արտահանողը ծախս է անում, մթերում իրականացնում, որ իր մեքենաները հասնեն իքս երկիր, բայց արդեն 10 օր է՝ մեքենաները կանգնած են Լարսում, ու արտահանողը դեռ եկամուտ չի ստացել, ոչ էլ այդ ծախսած գումարն է հետ եկել, նա ի՞նչ պիտի անի: Բնականաբար ծիրանի գինն է իջեցնելու ու մեծ պահանջներ ներկայացնի գյուղատնտեսին: Այս դեպքում տուժում են և՛ արտահանողը, և՛ գյուղացին: Հին ու բարի ժամանակներում, երբ ունեինք գյուղատնտեսության նախարարություն, կային բերքի որակի ստուգում, շուկայի վերահսկողություն, բայց հիմա, կներեք՝ բարդակ վիճակ է, ով ինչ ուզում անում է:

Պարո՛ն Մաթևոսյան, կոնկրետ ձեր գյուղում մթերում իրականացնող կազմակերպություններ կա՞ն, գյուղացիներին դիմո՞ւմ են ծիրան գնելու համար:

– Չէ՛, կոնկրետ կազմակերպություն չկա: Ֆուռի տերը կարող է գալ, ասել, որ իքս քանակի ծիրան է մթերում: Եթե մի 4-5 օր առաջ Արմաշում մի 10 ֆուռ կար, հիմա 2-3-ն են մնացել: Արտահանողին հիմա պետք է ավելի շատ խակ ծիրան, որ ճանապարհին երկար մնալիս բերքը չփչանա: Ծիրանի այգետերերը խնդրի առաջ են կանգնած: Ոչ մի համայնքի ղեկավար չեմ տեսել, որ այս խնդիրը՝ որպես գլոբալ խնդիր ներկայացնի համապատասխան մարմիններին, հավաքի այգետերերին:

Իսկ եղած մթերողները 1 կգ ծիրանը գյուղացուց քանիսո՞վ են գնում:

– Այսօր ասեցին, որ ֆուռ կա՝ 200 դրամով է տանում, ֆուռ կա՝ 400: Եթե գոնե 400 դրամով տանեն, գյուղացու ծախսերը մի կերպ կփակվեն: Կարտոֆիլի ու ծիրանի գներից բողոքողները եթե մի փոքր ադեկվատ լինեն ու սթափ դատեն, համեմատեն դիզվառելիքի գները, գազի, հացի ու այլ ապրանքների գները, կնկատեն, որ ամեն բան շղթայական թանկացել է, ու այդ ամենից անմասն չեն մնում գյուղացին ու այգետերը: Անցած տարի, որ ծիրանի բերքը հավաքելու ամենաբարձր գինը 6000 դրամ էր, հիմա 8-10000 դրամ է:

Հիմա դուք ու մյուս այգետերերը ծիրանի բերքն ի՞նչ եք անելու, եթե մթերողներ չկան:

– Անձամբ ինձ ու մի քանի գյուղացիների ձեռք է մեկնել «Զովք» սուպերմարկետների ցանցը, բայց, բնականաբար, որոշակի քանակով ծիրան են գնում, ոչ ամբողջը: Եթե այլ սուպերմարկետներ ու առևտրի կենտրոններ էլ փորձեին օգնել գյուղացիներին՝ լավ կլիներ: Երկրորդ օրն է՝ ինչ իմ բերքը «Զովքում» վաճառվում է 490 դրամով: Շուկայում առկա գներն էլ շատ հակասական են՝ 300-600 դրամի սահմաններում: Որ նորմալ պետական գերատեսչություն լիներ, որը կկանոնակարգեր ոլորտը, գյուղացին այս վիճակում չէր հայտնվի:

Այսինքն՝ պետական մակարդակով որևէ քայլ չի՞ արվում մթերքի արտահանման մասով:

– Չէ՛, չկա: Էկոնոմիկայի նախարարությունից ընդամենը երեկ եմ զանգ ստացել՝ պարզում էին՝ խաղողի այգի ունե՞մ, թե՞ չէ, և վերջ: Ճիշտն ասած, իրենց հարց էլ չցանկացա տալ, որովհետև, իմ տպավորությամբ, իրենք որևէ ցանկություն չունեն գյուղացուն օգնելու, տնտեսությունը վերականգնելու:

Արտահանման խնդիրը պայմանավորված է միայն Լարսի ճանապարհո՞վ, թե՞ արտարժույթի փոխարժեքներն էլ են իրենց դերը խաղացել:

– Այդ հարցին ճշգրիտ միայն արտահանողը կպատասխանի, որովհետև երկրից դուրս կատարվող ծախսերն ինքն է անում: Տեսեք՝ այն ժամանակ, երբ դոլարի կուրսը ընկնում էր, բենզինն էժանանում էր, ցորենը, հավի կերն էժանանում էին, իսկ հիմա դոլարի կուրսն ընկնում է, բայց բենզինի գինը բարձրանում է, հավի կերը, որը նախկինում 3000 դրամ էր, այսօր դարձել է 5400-6000 դրամ, այսինքն՝ որպես գյուղացի, ես արդեն հավ պահել էլ եմ դժվարանում: Չգիտեմ, որ այսքանը ձեզ ասում եմ, որքանով կօգնի մեզ՝ գյուղացիներիս, բայց ասում եմ այն, ինչ կա՝ մենք ահավոր վատ վիճակում ենք բոլոր առումներով: Եթե արտահանման խնդիրը չլուծվի, կոնկրետ մեզ մոտ գյուղացիները մեծ վնաս են կրելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am