Վերահաստատում ենք ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարևորությունը. Զախարովա

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային ու կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարևորությունը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով մենք նաև կապ ենք պահպանում կողմերի հետ»,- ասել է նա:

2021 թվականի մարտի 25-ին BBC News-ը հայտնել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Ջրականում (Ջաբրայիլ) հայկական եկեղեցին քանդելու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում Կանաչ ժամ եկեղեցին ավերելու մասին: Եվս մի քանի հայկական պատմամշակութային կոթողներ ավերելու վերաբերյալ ԶԼՄ-ներում կան հրապարակված փաստեր: