«Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը»․ «Հայրենիքի փրկության շարժում»

Հայրենիքի փրկության շարժման հայարարությունը ներկայացնում ենք ստորև․

Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկ։ Պայքարի հիմնական գործողությունները առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։

Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:

Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ: 

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։

Դավաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պետք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումները և թուրքահաճո քաղաքականությունը:

Առաջին հանդիպման վայրն ու ժամը` երեքշաբթի` ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին Սեւան քաղաքում` Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում։