Որտե՞ղ փնտրել դավաճաններին, և ովքե՞ր են հանցագործները․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«1989թ. մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության թիվը կազմել է 189.085 մարդ, որից 145,450-ը հայեր, 40,688-ը՝ ադրբեջանցիներ, 1,922-ը՝ ռուսներ, 416-ը՝ ուկրաինացիներ, իսկ 609-ը՝ այլազգիներ:

Բնականաբար, արցախյան առաջին պատերազմի ընթացքում արդբեջանցիներն ամբողջությամբ հեռացել են Արցախից, ինչը նշանակում է, որ 1991թ. դրությամբ Արցախի բնակչության թիվը կազմել է 145,450 մարդ:

2005թ. մարդահամարի տվյալներով Արցախի բնակչության թիվը կազմել է 137,737 մարդ, իսկ 2015թ. մարդահամարի տվյալներով՝ 145,053: Այսինքն, 1989թ. մինչ օրս Արցախի բնակչության թիվը չի փոխվել, մնացել է նույնը: Կներե՛ք, անգամ 397 մարդով պակասել է:

1991թ. մինչև 2018թ. Արցախն ու Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում ղեկավարած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր հանդես են գալիս երկիրը պահողի դիրքերից, հայրենիքը փրկողի դիրքերից, ադրբեջանիցներին հաղթածի դիրքերից, այն դեպքում, երբ իրենց կառավարման 27 տարիների ընթացքում կարող էին ու պարտավոր էին առնվազն կրկնապատկել Արցախի բնակչությունը, ստեղծել համապատասխան ու անհրաժեշտ պաշտպանական ենթակառուցվածքներ, զարգացնել տնտեսությունը, վերջապես՝ կառուցել այնպիսի Արցախ ու Հայաստան, որտեղ ապրելն անվտանգ ու արժանապատիվ լիներ, որ Ալիևի մտքով անգամ չանցներ հարձակվել Արցախի վրա:

Ալիևին հաղթելը դեռ չէր նշանակում պարտության մատնել սեփական ժողովրդին՝ նետելով հուսահատության գիրկն ու բացելով հայրենիքից հեռանալու ճանապարհը:

Հենց այստեղ պետք է փնտրել մեր իրական ու ամենանվաստացուցիչ պարտությունը և այս մարդկանց իրական առաքելությունը։

Այս ամենն անելու փոխարեն ոմանք լափեցին, թալանեցին, գողացան, դարձան գերհարուստներ, մսխեցին Արցախյան առաջին պատերազմին տարած փառահեղ հաղթանակը, ժամանակ շահեցին, տարիներ շարունակ խաբեցին հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը, արժանապատվության ու հաղթողի դիրքերից չլուծեցին Արցախի խնդիրը, իսկ վերջում փախան պատասխանատվությունից՝ որպես հետևանք թողնելով 5000 զոհ, ավերված ու բզկտված Արցախ:

Իսկ այսօր իրենց ապիկարության, իրենց կործանարար քաղաքականության հետևանքով իշխանության եկած քաղաքական ուժին մեղադրում են Արցախը ծախելու մեջ:Մեղադրեք իրար, որքան ուզում եք, բայց ժողովրդին մի խաբեք։

Եթե այս իշխանությունն իրականում ծախել է Արցախը, Դուք առնվազն հավասարազոր պատասխանատվություն եք կրում նաև դրա համար: Արցախի պարտության խարանը նաև Ձեզ վրա է, քանի որ Դուք կարող էիք լուծել և չլուծեցիք Արցախի հարցը:

Մեղքի այդ զգացողությունը վաղ թե ուշ խեղդելու է Ձեզ…

Իսկ այսօր հանդես գալ հայրենիքը փրկողի դիրքերից, մեղմ ասած, բարոյական չէ:

Ի սեր Աստծո, հեռացե՛ք, թողե՛ք այս ժողովուրդը սթափվի ու մտածի, թե ինչպե՞ս է դուրս գալու Ձեր թողած ավերակների տակից, թողե՛ք ժողովուրդը դուրս գա մտորումներից, թե որտե՞ղ պետք է փնտրել դավաճաններին և ովքե՞ր են հանցագործները»: