Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. «Միգուցե նախանձն է, չարությունն է, միգուցե վերջին վատությունն անելու մոլուցքն է»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին և Սարգսյանին առաջարկում է ընտրություններին մասնակցել Ազգային համաձայնության դաշինքով։ Հայտարարության մեջ նա նշել է, որ ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։ Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը։ Այս հայտարարությունից հետո իշխանության դիրքերն ուժեղանո՞ւմ են, թե՞ թուլանում։

– Իմ գնահատականը հետևյալն է. Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում է, որ հայտարարի իր՝ ընտրություններին չմասնակցելու մասին և ունենա դրա համար արդարացում։ 

Այս ամբողջ ժամանակահատվածում իր գործունեությունը միտված է միայն դրան, որովհետև, ըստ ամենայնի, ինքը ներսում խնդիր ունի և չի ուզում, որ ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցի։ Եվ դրա համար ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի վերջում ծրագրային ելույթ ունենա և բացատրի, թե ինչու չպետք է մասնակցել այս ընտրություններին։ 

Դրա մասին է խոսում վերջին շրջանի նրա ակտիվությունը։ Նա որպես քաղաքական գործիչ նախկինում երբևէ ամեն բանի չէր արձագանքի, օրինակ՝ վարչապետի՝ պաշտոնակատար լինել-չլինելուն, պաշտոնաթող մարդկանց մեջբերելով, ընդ որում՝ այնպիսի մարդկանց, որոնց անունը հիմա ես չեմ կարողանում հիշել, վիրավորանքը, Շուռնուխի հետ կապված իր արձագանքը, պատերազմից հետո ապաստան առաջարկելը՝ այս ամենն արվել է մեկ նպատակով, որ հետո բացատրել, թե ինչու չպետք է գնալ ընտրություններին և ևս մեկ հետքայլ անի իր թիմակիցներին, որովհետև որևէ կերպ չի կարողանում դասավորել քաղաքական դաշտը։

– Այսինքն՝ ի սկզբանե գիտեր, որ մերժելու են և՛ առաջին, և՛ երկրորդ անգամ, այնուամենայնիվ, անում է այդ առաջարկը՝ իրեն ապահովագրելու համա՞ր։

– Նա շփվել է նրանց հետ, և ասեմ, որ առաջին անգամ չէ, որ շփում են ունեցել իրար հետ, դրա մասին նաև Քոչարյանի գրասենյակը հայտարարեց։ Ակնհայտ է, որ հայտարարություն անել՝ կանխավ իմանալով, թե ինչ պատասխան է ունենալու, մեկ նպատակ կարող է ունենալ՝ կողմերին կանգնեցնել ինչ-որ իրավիճակի առջև և այդ իրավիճակից դուրս գալ, իր կարծիքով, ամենահարմար ձևով։

-ՀԱԿ-ի մի քանի համակիրներ հայտարարում են, որ նրանք, որոնք չեն հասկացել, թե ինչ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը, ընկալման խնդիր ունեն։

– Ես կարող եմ մեկ բան ասել՝ մարտի մեկին եղել եմ փողոցում, ես մարտի մեկին կարող էի զոհվել, և մարտի մեկից հետո ես բերման եմ ենթարկվել ոստիկանություն և հիմա ներողություն եմ խնդրում, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ դրանք նախկին քաղաքական տարաձայնություններ էին, ինչպես կարելի է մոռանալ, մի կողմ դնել, որ ՀՀ տասը մարդը, որ զոհվեցին Երևանի փողոցներում։ 

Մարդու կյանքը, մարդկային սկզբունքները Լևոն Տեր-Պետրոսյանի համար ոչինչ չեն նշանակում, երբ ինքը գնաց և Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բուժուադեմոկրատական հեղափոխության փորձ արեց, դա քաղաքական ամենավատ բանն էր, որ հնարավոր էր անել այն մարդկանց հանդեպ, որոնք 2008-ից այս կողմ ուղղակի իրենց կյանքը փոխեցին՝ նույն մարդու կողմից հռչակված սկզբունքներից ելնելով։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա նոր «բարձունք» գրանցեց քաղաքականության մեջ, թե քաղաքականությունը որքան վատ բան է։

– Ինչու՞, Տեր-Պետրոսյանն չի՞ կարողանում ներել Փաշինյանին։

– Միգուցե նախանձն է, չարությունն է, միգուցե վերջին վատությունն անելու մոլուցքն է։

– Բայց չէ՞ որ ողջունել էին հեղափոխությունը։

– Մնում էր հեղափոխությունը չողջունեին, ժողովրդավարական հեղափոխություն էր։ Ցավով եմ ասում, որ այն, ինչ արվում է նրա կողմից վերջին ժամանակահատվածում, ինձ համար վերջին կաթիլն է Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական պատմական գործչի նկարագրի մեջ։

– Նախընտրական կրքերը գնալով թեժանում են: Քաղաքական ո՞ր ուժերին եք համարում ձեզ մրցակից։

– Հարցված քաղաքացիների այն հատվածը, որն ասում է, որ չի մասնակցելու ընտրություններին և հիասթափված է։ Մեր մրցակիցը նրանք են, և մենք փորձելու ենք այդ մարդկանց հետ բերել։ Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական որ ուժին ենք մրցակից համարում, կարծում եմ՝ մի փոքր վաղ է այդ մասին խոսել, քանի որ հիմա բոլորը դիրքավորվում են։ 

Օրինակ՝ կա Քոչարյանի դաշինքը, որտեղ կա անձ, որն ունի շատ բացասական վարկանիշ, և, բացի դրանից, որևէ այլ բան չկա, կա ԲՀԿ, որը խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունն է, որն այս պահին դեռ քաղաքական հայտը չի ներկայացրել, ցուցակը չի ներկայացրել, կա ՀՀԿ-Վանեցյան դաշինք, որը բյուրեղացման փորձ է ՀՀԿ-ի համար և ուժեղանալու փորձ է Վանեցյանի համար, որի ցուցակի կազմից կարևոր է, թե ինչ արդյունք կլինի։ 

Եթե այդ ցուցակում լինեն ՀՀԿ հայտնի վարկաբեկված դեմքերը, այդ ցուցակը այլ արդյունք կունենա, և եթե լինեն նոր և ազդեցիկ մարդիկ, դա բոլորովին այլ պատկեր կարող է ունենալ։ 

Ուստի, ըստ իս, դեռ շուտ է հստակ գնահատական տալ։ Պարզ է, որ երեքն էլ փորձելու են ընդդիմության լիդերի դեր ստանձնել և դրա մասին ուղիղ հայտարարում են։

– Այսօրվա իշխանության հասցեին արվող քննադատությունները, վիրավորանքը ի՞նչ նպատակ են հետապնդում՝ հողատու, կապիտուլյանտ, թրքասեր և այլն…

– Ժողովրդական ասացվածք կա՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Եվ իրենք արագ-արագ ուզում են այդ որակումները հնչեցնել և փորձում են պիտակավորել դիմացինին, որպեսզի այս ամենից հանկարծ պարզ չդառնա, որ Արցախի մասով իրենք վաղուց կապիտուլյանտ են, դավաճան են և հողատու են։ 

Եվ հիմա մենք տեսնում ենք մի գործընթաց, որ կարծես թե ջրի երես է դուրս գալիս ամեն ինչ, և դա ավելի է նյարդայնացնում ձեր նշած խմբերին։ Ինչու ոչ, կան ինչ-որ մարդիկ, որոնք ազդեցության տակ են ընկել, և ես իրենց հետ կապված որևէ բացասական գնահատական չեմ հնչեցնի։

Մանե Հարությունյան

 MediaLab.am