Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով: 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»:

Այս կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել առողջության անհավասարությունները վերացնելու ուղղությամբ՝ մեկ տարի տևող համաշխարհային արշավի շրջանակներում միավորելով մարդկանց ջանքերը՝ ավելի արդար, ավելի առողջ աշխարհ կառուցելու համար:

Քարոզարշավը կարևորում է ԱՀԿ-ի սահմանադրական սկզբունքը, ըստ որի. «Առողջության բարձրագույն ստանդարտի հասնելը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ առանց ռասայի, կրոնի, քաղաքական համոզմունքի, տնտեսական կամ սոցիալական վիճակի տարբերակման»: Աշխարհում դեռևս առողջության պահպանման առումով անհավասարություն է տիրում, ինչը ոչ միայն անարդար է, այլև սպառնում է մինչ օրս գրանցված առաջընթացներին և գնալով կարող է խորացնել սոցիալական անարդարությունը:

Այնուամենայնիվ, առողջապահական անհավասարությունները կարող են կանխարգելվել այնպիսի ռազմավարությունների միջոցով, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը` հատկապես առավել խոցելի և մարգինալացված խմբերի համար:

COVID-19-ն ուժեղ հարված է բոլոր երկրների համար, բայց դրա ազդեցությունն ամենադաժանն է այն համայնքների համար, որոնք արդեն խոցելի են, ավելի շատ են ենթարկվում հիվանդությունների, ավելի քիչ է որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունը և ավելի մեծ է համաճարակի զսպմանն ուղղված միջոցառումների հետևանքով առաջացած անբարենպաստ արդյունքի հետ բախման հավանականությունը:

Ահա թե ինչու ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի ղեկավարներին` որոշումների կայացման գործընթացում ապահովել համայնքների ներգրավվածությունը, մշտադիտարկել առողջապահության ոլորտում անհավասարությունները և ապահովել, որ բոլոր մարդիկ ունենան մատչելի որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ համաձայն իրենց համայնքների ներսում ունեցած կարիքների և արժեքների: