ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․

Հայաստանում և Արցախում այսօր՝ ապրիլի 7-ին, նշվում է մայրության և գեղեցկության տոնը:

Կնոջ ամենաբարձր կոչումը մայրանալն է: Սա առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է սեր ու ընտանեկան երջանկություն, նոր կյանքի սկիզբ ու բնության զարթոնք:

Հայոց ազգային նկարագիրը ձևավորող գլխավոր անկյունաքարը հայ կնոջ և մոր կերպարն է ընտանիքում և առհասարակ՝ միջավայրում: Ամուր ընտանիքներով է պայմանավորված մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան, նրա սերունդների հայեցի դաստիարակությունը:

Մայրության և գեղեցկության այս հրաշալի տոնին, շնորհավորանքից առաջ, նախ գլուխ եմ խոնարհում այն բոլոր մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհաբերել մեր հայրենիքի փրկության համար, և այն մայրերի, ովքեր հույսով ու հավատով սպասում են իրենց զավակների տունդարձին:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Հոգևոր խորհուրդը՝ Սուրբ Մարիամի՝ Աստծո մինուճար Որդուն՝ Քրիստոսին որպես մարդ լույս աշխարհ բերելն էր, և դրանից ածանցվող մերօրյա խորհուրդը՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնությունը:Սիրելի՛ մայրեր, թանկագի՛ն կանայք:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում անսպառ սեր և ընտանեկան երջանկություն:

ԱՀ ներքին գործերի նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ