Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներս այդ հարցով կհայտնեն դիրքորոշումը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի մասնակցության հարցով վետո դրվի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ իհարկե հնարավոր է, սակայն դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնեն: «Դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, որն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու համար գերիների վերադարձի հարցը նախապայման չի՞ դրել Հայաստանը, այդ առիթը կօգտագործվի՞՝ նա հարցով պատասխանեց՝ ո՞ւմ առջև: Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և ինքը հուսով է, որ լուծումներ կլինեն. «Եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»:

Հստակեցնող հարցին, թե կառավարությունը համարու՞մ է սա ևս մեկ առիթ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը բարձրացնելու համար՝ նա ասաց. «Դա իհարկե ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որ այդ հարցը քննարկենք ու բարձրացնենք»: