ՌԴ-ում բերման է ենթարկվել Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսը․ Factor.am

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ԱԴԾ-ից և իրավապահ մարմիններից փակ տեղեկատվություն ստանալու կասկածանքով. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունն ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում բերման է ենթարկել Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ռուս քաղաքացու հետ հանդիպման ընթացքում, երբ նրանից ստացել է Ռուսաստանի ԱԴԾ-ում և այլ իրավապահ մարմիններում պահվող փակ տեղեկատվություն պարունակող նյութեր»,- հաղորդել են կենտրոնից:

ԱԴԾ-ից ընդգծել են, որ նման գործելաոճը համատեղելի չէ դիվանագետի կարգավիճակի հետ և արտահայտում է բացահայտ թշնամական վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտնել է, որ իրենք պատասխան քայլ են պատրաստում:

«Առկա պրակտիկային համապատասխան և փոխադարձության սկզբունքի հիման վրա ուկրաինական կողմը պատասխան է պատրաստում ռուս դիվանագետների նկատմամբ»,- նշել է Ենինը: Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտնել է, որ հյուպատոսն արդեն ուկրաինական դիվանագիտական առաքելության տարածքում է:

© factor.am