ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովն արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում՝ մասնակցելու որոշում է ընդունել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն ժողովը՝մանրամասնելով, որ հավանական ընտրություններին՝ ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։

«Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար»,- նշված է հայտարարության մեջ:

  ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին եւ ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները՝ որոշում է ընդունել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք համարելով իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը: