Ավարտվել է Շահումյան գյուղում տեղի ունեցած սպանության փորձի, մարդու առևանգման փորձի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով ընկերների հետ գնացել է համագյուղացու տան բակ՝ պահանջելու վերջինիս եղբոր կողմից պարտք եղած գումարը: Դժգոհ մնալով նրա պատասխանից՝ 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում գարեջրի շշով դիտավորությամբ հարվածել է համագյուղացու գլխին:

Այնուհետև իջնելով մեքենայից, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ընկերների հետ՝ շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել համագյուղացու և նրա տան անդամներին՝ միաժամանակ  բարձր հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Այդ ընթացքում Շահումյան գյուղի բնակիչը, ընկերների հետ պարտապանի եղբորն առևանգելու շուրջ այդ պահին ձևավորված նախնական համաձայնությամբ, հրահանգել է բացել  ավտոմեքենայի բեռնախցիկը, որի ժամանակ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռնել է նրա գլխից և պարանոցից, իսկ ընկերները բռնել են նրա մարմնի տարբեր մասերից և նրա կամքին հակառակ, բացահայտ իրենց տան բակից առևանգելու նպատակով, փորձել են գցել ավտոմեքենայի բեռնախցիկը, սակայն տղամարդու ընտանիքի անդամների միջամտության արդյունքում, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցվել, որից հետո նրանք հեռացել են վերոնշյալ ավտոմեքենայով։

Կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 35-ամյա տղամարդն իր «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է փողոցից դեպի վերոնշյալ տան բակում գտնվող համագյուղացու, նրա հորեղբոր և մյուս եղբոր ուղղությամբ՝ վրաերթի ենթարկելով համագյուղացուն ու նրա հորեղբորը, ովքեր ստացած հարվածից ընկել են գետնին։

35-ամյա տղամարդը, շարունակելով պարտապանի եղբորը կյանքից զրկելու իր մտադրությունը, ավտոմեքենան վարելով առաջ, դիտավորությամբ ձախ անիվով բարձրացել է նրա աջ ոտնաթաթի վրա և մեքենան կայանել նշված դիրքում՝ զրկելով նրան մեքենայի տակից դուրս գալու հնարավորությունից և փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:

Այնուհետև իջնելով մեքենայից, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները՝ 35-ամյա տղամարդն ու ընկերները հայհոյանքներ են հնչեցրել, սակայն լսելով, որ տղամարդու հարազատները ահազանգել են ոստիկանություն, նշված մեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նրա 4 ընկերներին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 35-ամյա տղամարդու և ընկերներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ գրավ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։