Քաղբանտարկյալների համաներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում

Քաղբանտարկյալների համաներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում
Քաղբանտարկյալների համաներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում

Նախագահի հրամանով ազատ արձակված քաղբանտարկյալները մտադիր են շարունակել ժողովրդավարության և քաղաքական շարժառիթներով դատապարտված բոլոր անձանց ազատության համար պայքարը։

Մարտի 16-ին նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել՝ ազատ արձակելով 399 մարդու, այդ թվում՝ 50 քաղբանտարկյալի։ Բանտում է դեռ մի քանի տասնյակ քաղբանտարկյալ, այդ թվում՝ լրագրողներ Աֆղան Մուխտարլին և Սեյմուր Հազին։

Հասարակության և փորձագետների արձագանքը

Ադրբեջանի սոցցանցերի, ակտիվիստների և քաղաքական գործիչների արձագանքը երեք հիմնական միտում ուներ․

1. Շնորհակալություն նախագահին

Այսպես արձագանքեցին քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ, օրինակ, Հումանիտար հետազոտությունների համայնքի ղեկավար Ավազ Հասանովը։

Նախագահին շնորհակալություն է հայտնել նաև քաղէմիգրանտ Էմին Միլլին՝ Meydan.tv կայքի ղեկավարը։

«Իլհամ Ալիևն արդեն 16 տարի է՝ նախագահ է, սակայն ներկայում կատարվող իրադարձությունները կարող են ամրապնդել նրա իշխանությունը», – գրել է Միլլին։

Մինչ օրս Միլլին կառավարության անհաշտ թշնամին էր և նրա գլխավորած կայքը նույնիսկ արգելափակված է Ադրբեջանում իշխանություներին քննադատելու համար։ Այդ պատճառով էլ նրա գրառման տակ հետևյալ ոճի մեկնաբանություններ էին արվել․ «Եթե նույնիսկ դուք եք այդպես խոսում, ուրեմն էլ ո՞ւմ հավատա այս ժողովուրդը»։

2. Լավատեսություն՝ իշխանությունների քաղաքականությունում տեղի ունեցած փոփոխության առնչությամբ

«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության կառավարման անդամ Էրկին Գադիրլին, օգտվելով առիթից, կոչ է արել իր ընդդիմադիր գործընկերներին ավելի ակտիվ պատրաստավել խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են 2020թ-ի աշնանը․

«Այս ընտրություններն ավելի ազատ են լինելու, քան նախորդները։ Երկիրը փոխվում է», – գրել է Գադիրլին ֆեյսբուքյան իր էջում։

3. Դժգոհություն այն առիթով, որ բաց են թողել ոչ բոլոր քաղբանտարկյալներին

Այս դիրքորոշման կողմնակիցները Ֆեյսբուքում գրառում են կատարում #hamısınıazadet հեշթեգով [«ազատ արձակիր բոլորին»]։

Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը (նախկինում՝ խղճի գերի) կարծում է, որ քաղբանտարկյալներին ներում շնորհելը չի կարելի է դիտարկել որպես մարդասիրական քայլ, քանի որ այդ մարդիկ անմեղ են և անարդար կերպով են դատապարտվել։ Այս դիրքորոշումը կիսում է հասարակության ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների մեծ մասը։

Իշխանությունների դիրքորոշումը

Իշխանությունները պաշտոնապես չեն ճանաչում Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը։ Այդ պատճառով էլ, մեկնաբանելով կատարվածը, պաշտոնյաներն ու իշխանամետ փորձագետներն ընդհանուր առմամբ ներման մասին են խոսում։

Այսպես, «Ձայն» մեդիախմբի ղեկավար, քաղաքական հարցերի փորձագետ Բահրուզ Գուլիևը մոտ 400 մարդու ներում շնորհելը «պետության ղեկավարի մարդասիրական քաղաքականության ակներև ցուցանիշ» է անվանել։ Ընդ որում, նա միջազգային կազմակերպություններին մեղադրել է, որ նրանք այդ քայլն ըստ արժանվույն չեն գնահատել։

«Նրանց սկզբունքն այն է, որ Ադրբեջանի դեմ զրպարտող արշավ տանեն», – ասել է Գուլիևը։

Ազատ արձակվածների պլանները

Այլոց թվում ազատ են արձակվել նաև ամենահայտնի քաղբանտարկյալներ, որոնց ազատման համար երկար տարիներ պայքարում էին տեղի և արտասահմանցի իրավապաշտպանները։

Բի-Բի-Սի և Meydan.tv կայքերին տված հարցազրույցներում NİDA շարժման ակտիվիստներ Գիաս Իբրահիմովը, Բայրամ Մամեդովն ու Իլկին Ռուսատամզադեն ասել են, որ շարունակելու են ժողովրդավարության և ապօրինաբար դատապարտված բոլոր անձանց ազատ արձակելու համար պայքարը։

Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամովան մտադիր է պայքարել ոչ միայն քաղբանտարկյալների ազատության, այլև նրա համար, որ բանտերում կանայք քիչ լինեն․

«Ես պայքարելու եմ նրա համար, որ առանձնապես ծանր կամ լուրջ հանցանք չգործած կանանց բանտարկությունը փոխարինվի այլընտրանքային պատժով»։

Ավելի կատեգորիկ պլաններ ունի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը․ «Քաղբանտարկյալներին ազատ արձակելը հնարավոր է եղել Արևմուտքի շնորհիվ։ Դա կառավարության գթասրտություն չէ։ Ես շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն Ադրբեջանը փլուզումից փրկելու, որի եզրին նա այժմ գտնվում է։ Ճիշտ է, դեռ չգիտեմ, թե արդյո՞ք ես ընդդիմությանը կմիանամ, թե՞ նա՝ ինձ»։

Աղբյուրը՝ JAMNEWS