«Կոմպրոմատների ծավալը, որով Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք մշտապես աշխատել է, Հեյդար Ալիևի դպրոցն է». Ռուբեն Մեհրաբյան

«Կոմպրոմատների ծավալը, որով Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք մշտապես աշխատել է, Հեյդար Ալիևի դպրոցն է». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

 – Պարո՛ն Մեհրաբյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, և թե ինչու է վերադառնում։ Դրա համար նա ի՞նչ հնարավորություններ ունի, և ո՞ր ուժերը նրան կաջակցեն։

– Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն պայմանավորված է այն քրեական գործով, որով նա անցնում է որպես մեղադրյալ։ Դա թիվ մեկ շարժառիթն է, որ նրան դրդում է վերադառնալ քաղաքականություն։ Նա ընտրել է պաշտպանության այդ ձևը, այսինքն՝ իր մեղադրանքը քաղաքականացնել, փորձել քաղաքական ճնշում գործադրել, այդ թվում՝ արտաքին քաղաքական ճնշում գործադրել քննության վրա՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Սա ակնհայտորեն երևում է նրա գործունեությունից, նրա հայտարարություններից։

– Հաշվի առնելով հանրային տրամադրվածությունը Քոչարյանի նկատմամբ՝ նա կարո՞ղ է ընդհանրապես իր այդ սցենարում հաջողել։

– Ռոբերտ Քոչարյանը նաև ակամայից դառնում է ռևանշիստական ուժերի բյուրեղացման կիզակետը։ Այդ ուժերի շրջանակն արդեն ուրվագծվել է, բայց առայժմ դեռ չի ստրուկտուրիզացվել որպես ճամբար։ Այդուհանդերձ, բոլոր միտումները կան, որ այն բավականին արագ ստրուկտուրիզացվելու է։ Դրա համար գործադրվելու են բոլոր լծակներն ու ռեսուրսները, մասնավորապես, մեծ փողը, մեդիա ռեսուրսները, արտաքին աջակցությունը՝ հանձին Ռուսաստանի։ Մենք արդեն տեսնում ենք, որ Երևանում ՌԴ դեսպանը այդ ուժերի հետ ինտենսիվ հանդիպումներ է անցկացնում, իհարկե, նաև այն կոմպրոմատների ծավալը, որով Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք մշտապես աշխատել է։ Դա Հեյդար Ալիևի դպրոցն է։ Բայց նա հաշվի չի առնում, որ ինքը մերժելի է հասարակության ջախջախիչ մեծամասնության կողմից։

Երկրորդ՝ նա միշտ թերագնահատել է հասարակության գործոնը և հասարակության ռեսուրսը որպես այդպիսին, որն ընդունակ է ուղղակի ջախջախելու իր բոլոր հնարավորություններն ու ջանքերը իր ռուսաստաններով, իր փողերով, իր, այսպես կոչված, մեդիա ռեսուրսներով, որոնք պետք է աշխատեն նախկին «Հայլուրի» նման։ Իսկ թե ինչի՛ էր ընդունակ իր «Հայլուրը», մենք տեսանք 2008 թվականին, երբ ամեն թողարկումից հետո ցուցարարների թիվը մեծանում էր։ Սրանք են Ռոբերտ Քոչարյանի ընկալումները քաղաքականության մեջ։

– Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժերը նրան կաջակցեն։ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն արդեն իսկ չեն բացառել նման համագործակցությունը, իսկ ԲՀԿ-ն այս փուլում կրավորական դիրքորոշում ունի, հնարավո՞ր է ինչ-որ պահի սկսել աջակցել Քոչարյանին։ Նման դեպքում ի՞նչ իրավիճակ կստեղծվի քաղաքական դաշտում։

– Դա պայմանավորված է լինելու նրանով, թե որքան ուժեղ է իշխանությունը։ Քանի դեռ իշխանությունն ուժեղ է, այդ երկու ուժերն իրենց տեղում կմնան, կփորձեն «իրենց ծանր տեղը չթեթևացնել»։ Բայց եթե տեսնեն, որ իշխանությունը թուլացել է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ուժեղանում է, չի բացառվում, որ գնան այդ քայլին։ Բացի դրանից, բոլորին հայտնի է նրանց աֆիլիացիան ռուսական շրջանակների հետ, կարող է նաև դա լինի ռուսական ճնշման ներքո։ Այնպես որ, գործընթացը շատ դինամիկ է և կախված է հետագա զարգացումներից։

– Այսինքն՝ պատահակա՞ն չէր Ռուսաստանի մասին Ռոբերտ Քոչարյանի այդպիսի գնահատականները, որ չի կարելի Ռուսաստանի հետ այդպես վարվել։

– Այո՛, նա նաև մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարզապես հայհոյական ոճով ստեց։ Նա ասաց, որ չի կարելի աշխարհին կոչ անել ադապտացվել իրեն։ Փաշինյանը նման բան չի ասել, Փաշինյանը դա ասել է Ռուսաստանի մասին, ընդ որում, ասել է՝ և՛ մենք պետք է ադապտացվենք, և՛ մեր ռուս գործընկերները։ Աշխարհի մասին խոսք լինել չէր կարող, և աշխարհի անուն Փաշինյանը չի տվել։ Իսկ Քոչարյանը, որ սովորեցնում է՝ ինչպե՛ս վարվել Ռուսաստանի հետ, և ի՛նչ է կարելի, ի՛նչ չի կարելի, դա երևի վերջին բանն է, որ պետք է անի, որովհետև իր և իր ԱԳ նախարարի կոմպլեմենտար քյանդրբազության հետևանքով Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ակտիվները հայտնվեցին Ռուսաստանի սեփականության ներքո որպես պարզապես նվեր՝ դրա դիմաց ստանալով բեսպրեդելի ինդուլգենցիա Հայաստանում։

Ամենավերջին բանը, որի կարիքն ունի հայ ժողովուրդը, Քոչարյանի խորհուրդն է, թե ինչպե՛ս վարվել Ռուսաստանի հետ։ Երկրորդ՝ հայ ժողովրդին հետաքրքիր չէ, թե Ադրբեջանի կոմկուսի պարտկոմներն ու կոմսոմոլներն ի՛նչ խորհուրդներ են տալիս, ի՛նչ պատկերացումներ ունեն Ռուսաստանի հետ անկախ Հայաստանի հարաբերությունների մասին։

– Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանից ի՞նչ է կախված, և ի՞նչ ակնկալիք ունի հասարակությունը։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ ռևանշ թույլ չտալու համար։

– Նիկոլ Փաշինյանը, նախևառաջ, ինչպես նախօրեին հայտարարեց, պետք է արագ ձեռնամուխ լինի համակարգային բարեփոխումների, որպեսզի Հայաստանում կոռուպցիային և կրիմինալին զրկի նյութական ու կառուցվածքային բազայից։ Կոռուպցիայի դեմ պայքարը միայն կոռուպցիոներների դեմ պայքարը չէ։ Երկրորդ՝ Փաշինյանը պետք է ուղղակի ցույց տա, թե ո՛վ է իշխանությունը։ Հեղափոխության հակառակորդները պետք է քաղաքականապես և բարոյապես ջախջախվեն, իսկ դրա համար պետք է շատ կոնկրետ համակարգային աշխատանք։

– Իսկ դա կհաջողվի՞ իրականացնել մեկ տարում։ Մեկ տարի անց խորհրդարանը կարող է այլ իրավիճակ ստեղծել Փաշինյանի համար։

– Դա արդեն պայծառատեսության ոլորտից է, ոչ թե քաղաքագիտության։ Ես միայն կարող եմ ասել, որ Փաշինյանն իրավունք չունի չհաջողելու, որովհետև վստահության այս աննախադեպ պաշարը, որն ունի իշխանությունը, նա իրավունք չունի փոշիացնելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am