ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 10-ի ստորագրման առաջարկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում կատարվում է փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:

Փոփոխության նախագծով ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ծրագրի Արդար և ժողովրդավարական կառավարում ոլորտին, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին, ինչը կխթանի համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից, մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը: