Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ուժեղացնում է անվտանգությունը Բայդենի ուղերձից հետո

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսությունը հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինեն ապրիլի 26-ին և 27-ին, քանի որ բողոքի ակցիաների անցկացման հավանականություն կա:

Ոստիկանության աշխատակիցներն ազատում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության վարչական շենքերի հարակից տարածքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն իր ուղերձում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: