Ղազախստանի նախագահն ուղերձով դիմել է ազգին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այսօրվանից գլխավորում է երկրի անվտանգության խորհուրդը: «Այսօրվանից ես գլխավորում եմ Ղազախստանի Անվտանգության խորհուրդը»,- Տոկաևի ելույթից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի ցմահ նախագահի դերում հանդես էր գալիս Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։

Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել:

Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Նուր-Սուլթանում, Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում։ Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը։

Աղբյուր՝ Factor.am