«Թուրքիայի ծրագրերում միշտ եղել են Հայաստանի վրա հարձակման մեխանիզմներ. Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի իր անվտանգային համակարգը». Ռուբեն Մելքոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

– Պարո՛ն Մելքոնյան, Շվեդիայում գրանցված Nordic monitor կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել։ Թուրքիայի իշխանությունների կողմից այս տեղեկությունը չի հերքվել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ինֆորմացիայի այս արտահոսքը, և ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են լինել։

– Նախ ուզում եմ շեշտել, որ Թուրքիան միշտ էլ սպառնալիք պետություն է Հայաստանի համար։ Եվ նախկինում էլ մի քանի դրվագներ եղել են, երբ 1992, 1993 թվականներին նախապատրաստվել և բացահայտ քայլեր են արվել՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Նույնիսկ այս մասին կան պաշտոնական հաղորդագրություններ, Թուրքիայի գլխավոր շտաբի պետի զեկույցները։ Եվ այդ առումով զարմանալի չէ, որ Թուրքիայի ծրագրերում կարող են լինել Հայաստանի վրա հարձակման կոնկրետ մեխանիզմներ։ Նրանց անվտանգության ռազմավարության մեջ միշտ կա, այսպես ասած, «մեկուկես պատերազմ» սկզբունքը, այսինքն՝ մեկ պատերազմ արտաքին թշնամու, կես պատերազմ՝ ներքին թշնամու՝ քրդերի դեմ։ Եվ արտաքին սպառնալիքների թվում Հայաստանը միշտ առաջին հնգյակում է լինում։ Եվ եթե այս փաստերը համադրում ենք, ապա կարող ենք ասել, որ Թուրքիայից միշտ նմանատիպ սպառնալիք կարող է լինել։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ փաստաթղթի տեղեկատվության արտահոսքին, ես կարծում եմ, որ պետք է ավելի լուրջ մոտենալ խնդրին, տեսնել խնդրի քարոզչական բաղադրիչը և հասկանալ այդ փաստաթղթի հավաստիության աստիճանը։ Դրա համար այս պահին չեմ շտապի փաստաթուղթը գնահատել, բայց կարող եմ ասել, որ անկախ այդ փաստաթղթի տեղեկատվության արտահոսքից, վստահ եմ, որ Թուրքիայի ծրագրերում Հայաստանը միշտ թիրախ է, և դա հենված է կոնկրետ փաստերի վրա։ Այնպես որ, եթե նույնիսկ այդ փաստաթուղթը կեղծ լինի, չեմ զարմանա, որ լինի մեկ այլ փաստաթուղթ, որով հակահայկական ծրագրեր նախատեսված կլինեն։

– Այսինքն՝ արդի աշխարհում այդքան հե՞շտ է հարձակվել այլ պետության վրա։

– Տեսեք՝ արդի աշխարհում Թուրքիան 1974 թվականին հարձակվեց Կիպրոսի վրա, Թուրքիան հիմա հարձակվել է Սիրիայի վրա և դե ֆակտո օկուպացրել այդ երկրի որոշակի հատված։ Արդի աշխարհում Թուրքիան անընդհատ խախտում է Իրաքի պետական սահմանն ու այնտեղ ռազմական գործողություններ իրականացնում։ Այնպես որ, կարծում եմ, արդի աշխարհում անվտանգային  պատկերացումները մի փոքր հեղհեղուկ են դարձել։ Եվ հաշվի առնելով Թուրքիայի մոտեցումները միջազգային չափորոշիչների հանդեպ և նրա քայլերը՝ խախտելու միջազգային պարտավորությունները, շատ իրատեսական է դառնում Թուրքիայի կողմից ամեն անսպասելի սցենար։

– Այս պայմաններում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Այդ հրապարակմանն արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցն իր մեջ պարունակում է լուրջ մտահոգություն։ Ըստ Մնացականյանի՝ Թուրքիան պետք է արձագանքի այս հրապարակմանը, և հայկական կողմը հետևում է զարգացումներին։ Արդյոք հայկական կողմը չպե՞տք է կոշտ արձագանք տա նման դեպքերում կամ քայլեր ձեռնարկի։

– Ես կարծում եմ, որ պաշտոնական արձագանք պետք է լինի միայն փաստաթղթի հավաստիությունն ապացուցվելուց հետո։ Թուրքիան չի դադարում պետական ու գործնական հարթությունում Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարելուց։ Դա արտացոլվում է և՛ տնտեսական շրջափակման մեջ, և՛ այլ քայլերում։ Կարծում եմ՝ Հայաստանի արձագանքը պետք է լինի այն, որ միջազգային համապատասխան ատյաններում պետք է ներկայացվեն այդ պետության քաղաքականությունն ու քայլերը։ Սա պետք է արվի դիվանագիտական հարթությունում։ Իսկ իրատեսական հարթությունում Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի այն անվտանգային համակարգը, մեխանիզմը, կառույցներն ու բանաձևերը, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am