Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կլինեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում նախատեսում են, թե ոչ:

«Ո՛չ, եռակողմ հանդիպում չի լինի, սակայն երկկողմ շփումներ, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում», – ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ չի նախատեսում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնի և Սադիր Ժապարովի հետ:

Բացի Երևանի և Բաքվի միջև միջնորդի դեր խաղալուց, Մոսկվան բազմիցս հանդես է եկել նաև Բիշքեկի և Դուշանբեի միջև միջնորդի դերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական  գագաթնաժողովին: