Նշված կարգավորումը խնդրահարույց է ընտանեկան բռնության եւ սեռական բռնության գործերի քննության տեսանկյունից․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիա»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիայի» հայտարարությունը ներկայացնումե ենք ստորեւ։

«Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց (…)։»: Օրինագծի համաձայն՝ այս հաշվարկը պետք է կատարել 2004 թվականի հունիսի 9-ից։

Նախագծի հեղինակների պնդմամբ՝ օրինագիծը մարդասիրական քայլ է, որն, ի թիվս այլնի, նպատակ ունի նաեւ որոշակի առումով բարելավել նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում անձի համար ոչ մարդկային պայմաններում գտնվելու հանգամանքը։ Անհերքելի է, որ ինչպես նախնական կալանքի, այնպես էլ պատժի կրման ողջ ժամանակահատվածում պետությունը պետք է բացառի անմարդկային պահման պայմանները, սակայն նշված խնդրի լուծումը պետք է իրականացնել այլ՝ համապատասխան ոլորտային փոփոխությունների արդյունքում։

Որպես կանոն՝ թեթեւ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում որպես խափանման միջոց կալանք չի ընտրվում: Կալանքն ընտրվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Հետեւաբար, նշված օրինագծի արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ առավել վտանգավոր հանցագործություններ՝ սպանություն, բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ, եւ համանման այլ հանցանքներ կատարած անձանց համար ստեղծվելու են բարենպաստ պայմաններ։

Անհրաժեշտ է ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ կալանքն ընտրելիս, ինչպես նաեւ կալանքի ժամկետը երկարացնելիս պետք է հաստատվի հասարակության ընդհանուր շահի եւ անհատի հիմնարար իրավունքների միջեւ արդարացի հավասարակշռություն, իսկ օրենսդրական այսպիսի կարգավորման արդյունքում հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը դառնում է պատրանքային, իսկ հանցագործությամբ տուժող անձի հիմնական իրավունքի իրականացումն իմաստազրկվում է։

Նշված կարգավորումն առավել խնդրահարույց է ընտանեկան բռնության եւ սեռական բռնության գործերի քննության տեսանկյունից։ Որպես կանոն՝ ընտանեկան բռնության եւ սեռական բռնության գործերն իրենց առանձնահատկություններով պայմանավորված բավական երկար դատավարական գործընթաց են անցնում, ինչն առկա իրավական կարգավորումների արդյունքում մի շարք դեպքերում հանգեցնում է նրան, որ հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով։ Նշված իրավական կարգավորումն առավել ռիսկային եւ խնդրահարույց է դարձնելու ընտանեկան եւ սեռական բռնության գործերով հանցագործություն կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը։

Oրինագծի ընդունման արդյուքնում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ մի շարք դեպքերում ընտանեկան եւ սեռական բռնություն կատարած անձինք պարզապես մնալու են անպատիժ։ Ասվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ ներպետական դատարանները որեւէ պարագայում չպետք է թույլ տան, որ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրած անձինք անպատիժ մնան: Այս ամենը, ի թիվս այլնի, շատ կարեւոր է, ինչպես հասարակության վստահության պահպանման եւ իրավունքի գերակայության ապահովման, այնպես էլ պետության կողմից նման գործողությունների հանդեպ հանդուրժողականության եւ հովանավորչության բացառման տեսանկյունից»: