Ունենք պետական դավաճանության ու լրտեսության բացահայտման դեպքեր․ ԱԱԾ փոխտնօրեն Արմեն Աբազյան

«Ունենք դեպքեր պետական դավաճանության ու լրտեսության բացահայտման, նաև զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, գործող հսկիչ անցակետերի գործունեության հետ կապված, պետական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Արմեն Աբազյանը:

Արմեն Աբազյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց որոշակի մանրամասներ նաև արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Նա նշեց, որ Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվավերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել են ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլ նաև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները:

«Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղադրված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալները: Պետական դավաճանության և լրտեսության դեպքով բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից հակառակորդի համար փաստեր հավաքագրելու դեպք։ Տվյալ բարձրաստիճան զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ և փոխանցել հակառակորդին»,- ասաց Արմեն Աբազյանը:

Նրա խոսքով՝ մեկ այլ դեպքով էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։ Նա ասաց, որ երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, գտնվում են նախաքննության փուլում։

«Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», – նշեց Աբազյանը: