Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան դեպքերի թիվը հասել է 2500-ի, որոնց մոտ կեսը գրանցվել է վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը արագորեն տարածվում է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։
«Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», – Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Նա հավելել է, որ համաճարակը բռնկվել է մի տարածքում, որտեղ շուրջ 30 տարի շարունակ զինված հակամարտություն է ընթանում, և որտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են։
Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հայտնել էր, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի։ Սակայն, ըստ երկրի առողջապահական իշխանությունների, հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի ընդամենը 30–40 տոկոսը։
Մայիսի 15-ին հայտարարված էբոլա տենդի այս բռնկումը տարբերվում է նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգյոյի դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ։



















