Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. Բադասյանը՝ սպասվող բարեփոխումների մասին

Դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է: Առկա են օրենսդրական նախաձեռնություններ, և քննարկումներն այդ հարցով շարունակվում են Բարձրագույն դատական խորհրդի հետ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, ներկայացրեց դատաիրավական սպասվող բարեփոխումները: 

-Պարոն նախարար, շատ է խոսվում դատական համակարգի բարեփոխումների, այն նոր կադրերով համալրելու գործընթացում բարեվարքության ստուգման գործիքակազմերի ներդրման մասին։ Զուգահեռ, դատական համակարգի բարեփոխումների շրջանակում, Կառավարությունը նշում է նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության հարցը։ Դատավորների սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են նախատեսվում Կառավարության կողմից։       

 -Ճիշտ նկատեցիք, որ Կառավարությունը, կարևորելով բարեվարքության ստուգմամբ դատական համակարգում իրական և շոշափելի արդյունքների արձանագրումը, դրան զուգահեռ պլանավորում է նաև դատավորների սոցիալական դրության բարելավում, այդ թվում` աշխատավարձերի բարձրացում: 

Դատական համակարգի բեռնաթափման և համակարգը պրոֆեսիոնալ ու բարեվարք դատավորներով համալրելու նպատակով մի շարք քայլեր են նախաձեռնված, որոնք բոլորը դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ են նախատեսված: Այս տարի դատական համակարգը կհամալրվի 42 նոր հաստիքներով, բյուջետային համապատասխան հատկացումը արդեն իսկ առկա է: Մասնավորապես՝  նոր դատավորներ կնշանակվեն Վերաքննիչ քրեական, վարչական և քաղաքացիական դատարաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, Սնանկության դատարանում և այլն։ Այդ հաստիքներն այս տարվա ընթացքում աստիճանաբար ավելացնելու, ինչպես նաև շենքային պայմանների ապահովման հարցերը օրեր առաջ քննարկեցինք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար պարոն Ջհանգիրյանի կազմակերպած քննարկման ընթացքում` Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ։ Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու այս ծրագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որովհետև դատական համակարգում նոր ու բարեվարք դատավորների ներգրավմամբ մենք նվազեցնելու ենք դատարանների ծանրաբեռնվածությունը։  

Մանրամասները՝ այստեղ