ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությանը

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է վերացնել ըստ էության մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից», – ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում:

ԱԺ լիագումար նիստի ընթացքում նշվեց, որ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ  մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միևնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչև 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ բնականաբար բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել: