Բանտային առողջապահության բարելավումը կնպաստի հանրային առողջապահության բարելավմանը

Բանտային առողջապահության բարելավումը կնպաստի հանրային առողջապահության բարելավմանը
Բանտային առողջապահության բարելավումը կնպաստի հանրային առողջապահության բարելավմանը
Հեղինակ MediaLab

Հայաստանում գործող քրեակատարողական հիմնարկների առողջապահական հաստատությունները լիցենզավորված չեն և դրանցում մատուցվող առողջապահական ծառայությունների որակն էապես զիջում է քաղաքացիական բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակին։

Թեև Հայաստանի կառավարության 2018 թվականի մարտին ընդունած որոշման համաձայն պետք է ստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն արդեն կլինի Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո և կլիցենզավորվի, ինչպես մյուս բուժհաստատությունները, այնուամենայնիվ, այդ գործընթացն ավարտին հասցված չէ, և բանտային առողջապահության կառավարումը դեռևս գտնվում է Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի ենթակայության ներքո։

Ինչպես նշվում է «Քրեակատարողական համակարգի հիվանդանոցային այժմյան ծառայությունների արդիականացման արդյունավետ մոդելների առաջարկման նպատակով իրականացված գնահատողական առաքելության արդյունքների վերաբերյալ» 2018 թվականին հրապարակված զեկույցում, ՀՀ քրեակատարողական համակարգում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են մատուցվում 12 քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Սակայն, ի տարբերություն Հայաստանում գործող բոլոր մյուս առողջապահական հաստատությունների, քրեակատարողական հիմնարկների շրջանակում առողջապահական ծառայություններ մատուցող ստորաբաժանումները լիցենզավորված չեն:

Քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման բաժանմունքները, կախված քրեակատարողական հիմնարկների չափից և հիմնարկում պահվող անձանց թվից, հիմնականում ունեն բժիշկներ (որպես կանոն նրանցից մեկը հանդիսանում է ստորաբաժանման պետ) և բուժքույրեր:

Երկրորդային բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում, որը ՀՀ քրեակատարողական համակարգում իր տեսակի մեջ միակ նման հաստատությունն է:

Ըստ վերոնշյալ զեկույցի, սույն հիվանդանոցն ունի նյութատեխնիկական և կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն: Հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ դա երկրորդային բժշկական ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է:

Նման վատ պայմաններում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել:

Ներկայացվող զեկույցի համաձայն, անհրաժեշտ է, նախ, քրեակատարողական հիմնարկներում ապահովել առաջնային բուժօգնության ամբողջ ծավալը, ներառյալ բուժքույրական խնամքը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար։ Անհրաժեշտ է նաև ապահովել պոլիկլինիկայի կազմակերպման մոդելի վրա հիմնված երկրորդային մակարդակի ամբուլատոր բժշկական օգնությունը և տուբերկուլոզով և դիմակայուն տուբերկուլոզով հիվանդների խնամքը:

Սրանով հանդերձ, որոշ դեպքերում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար քաղաքացիական հիվանդանոցներում պետք է իրականացվեն բարդ վիրահատական միջամտությունները և ախտորոշիչ, թերապևտիկ ու բուժքույրական այն միջամտությունները, որոնք պահանջում են համապատասխան բժշկական սարքավորումներ և/կամ փորձ։

Բանտերում առողջապահական վիճակը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ ազատության մեջ ապրող բնակչության առողջության վրա, քանի որ քրեակատարողական հիմնարկները սերտորեն կապված են համայնքների հետ: Ազատազրկված անձինք արձակուրդ են գնում, ընդունում եմ այցելուներ և երբեմն հաճախում են դրսում գտնվող աշխատանքային վայրեր կամ առողջապահական հաստատություններ: Ազատազրկված անձանց գերակշիռ մասը, ի վերջո, լքում է բանտը և վերաինտեգրվում հասարակությանը:

Ինչպես նշվում է զեկույցում, թեև քրեակատարողական հիմնարկներից հաղորդվող առողջապահական տեղեկատվությունը բավականին աղքատիկ է, փաստերը վկայում են այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի բռնկումները նպաստել են տուբերկուլոզի դեպքերի աճին նաև տեղական համայնքներում:

Հետևաբար, բանտային միջավայրն ինքնին մարտահրավեր է ներկայացնում հանրային առողջապահության համար և ազատազրկված անձանց ֆիզիկական ու հոգեկան հիվանդությունների հարցի լուծումը կնպաստի հանրային առողջապահության բարելավմանը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորման»