«Վիտալի Բալասանյանը իր ձեռքով իր կոչումը նետում է ջուրը». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, Վիտալի Բալասանյանը ասուլիսում ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես, Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, նա ասել է, որ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության, դա հետևյալն է՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները։ 

– Եթե տեսնեմ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, թող ոչ ոք չկասկածի, որ առաջինը ես կքննադատեմ և հանդես կգամ հայտարարություններով։ Բայց ցավն այն է, որ Վիտալի Բալասանյանը հիմա է կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը կործանարար էր։

Նա նախկինում նման հայտարարություն չէր անում։ Այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը շարունակում էին Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, այսինքն՝ ընդունել էին մադրիդյան սկզբունքները, որը կապիտուլյացիա էր Հայաստանի և Արցախի համար, նա ոչ մի բան չի խոսել։

Ես կհասկանայի, եթե նա այն ժամանակ էլ հայտարարություն աներ, բայց հիմա է բարձրացրել մեծ հիստերիա ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ, քանի որ դեմ է, որ եկել է նոր իշխանություն, որը տապալել է իր հովանավորյալներին, ասենք՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Սա է իմ տպավորությունը: Այո՛, նրա հայտարարությունները նեղ անձնական են, ոչ թե քաղաքական։ 

– Բալասանյանը նաև հայտարարել է, որ առայժմ Արցախը Հայաստանի մարզ չի լինելու, որ այն երկրորդ հայկական պետությունն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։

– Սա նույնպես անձնական մոտիվացիա ունի։ Քանի որ նա միացել է նախկին իշխանության թիմին, նրանք ուզում են, որ Արցախի անկախությունը երկար տարիներ տևի, որպեսզի իրենք վերարտադրվեն, կապ չունենան Հայաստանի իշխանությունների հետ և կարողանան իրենց բիզնես շահերը պաշտպանել։

Իհարկե, Վիտալի Բալասանյանը չունի մեծ բիզնեսներ, բայց արդեն շաղկապվել է այդ մարդկանց հետ և ուզում է, որ իր հովանավորյալները ամրապնդվեն, վերարտադրվեն Արցախում։ Ես կասեմ հետևյալը. նման բոլոր ախորժակներին քացախ։ Չի լինելու նման բան, այլևս չեն վերարտադրվելու իշխանությունները, և կլանային բիզնեսները, կապված ընդերքի, գետերի շահագործման, բնական ռեսուրսների թալանի հետ, այդ բոլորը պետք է ազգայնացվեն և լինեն միայն ժողովրդի հարստությունը։

– Վիտալի Բալասանյանն իր ասուլիսում կրկին անդրադարձավ Քոչարյանին, փորձեց պաշտպանել նախկին իշխանություններին և մեղադրել ներկա իշխանություններին, որ նրանք Քոչարյանին ձերբակալել են մեկ նպատակով՝ որ ոչնչացնեն բոլորին և բոլոր արժեքները։ 

– Ես էլ դժգոհություն ունեմ Հայաստանի իշխանություններից, որ քաղաքական գնահատական չեն տվել և ամբողջ խորությամբ չեն պատժում Ռոբերտ Քոչարյանին։ Նրան դատում են միայն «Մարտի 1»-ի գործով, իսկ անօրեն հարստանալը, երկիրը թալանելը, տնտեսական լծակները օտարին հանձնելը, մադրիդյան սկզբունքներն ընդունելը և շատ-շատ ուրիշ հանցագործություններ։

Հիշենք, որ հենց Քոչարյանի օրոք է սկսվել «ատկատներով» բանակի փողերի մսխումը։ Այն ժամանակ է ծնվել ներկայիս օլիգարխիան։ Իհարկե, օլիգարխիան կար, այն ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բայց խորացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ։

Արդարացի կլիներ, եթե Վիտալի Բալասանյանն այս մասին խոսեր։ Նա ժամանակին լինելով ժողովրդի կողմից սիրված, ընդունված մարդ՝ վերածվել է ընդամենը էժանագին ձևով կլանային համակարգի սպասարկուներից մեկի։ Եվ ինքը իր հերոսի կոչումը իր իսկ ձեռքով նետում է ջուրը։

– Կարծում եք՝ նա Արցախի ժողովրդից չի՞ կարողանա վստահության քվե ստանալ։

– Նա ունի վստահություն նեղ շրջանակի մոտ, որոնք այդ ժողովրդի արյունը ծծում էին և մոտ էին կերակրատաշտին։ Նույնիսկ քաղաքական որոշ մանիպուլյատորներ կային, որոնք Վիտալի Բալասանյանին փնովում էին, որ նա ժողովրդական էր, այժմ դարձել է նախորդների սպասարկուն, ոչ միայն սպասարկուն, այլ նաև պաշտպանն է դարձել և բարձունքից իջել է, գնացել իջվածքներում իր համար տեղ է որոնում։ Միգուցե իր տեղը չէր այդ բարձունքը, որը ժողովուրդը տվել էր նրան։ Եվ կամաց-կամաց բոլորի մոտ փչացնում է իրեն։

– Նրա վերջին հարցազրույցում կային նաև սպառնալիքներ այսօրվա իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Նրանով, կարծում եք, իրավապահները պե՞տք է զբաղվեն։

– Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պետք է քաղաքական գնահատական տան այս ամենին՝ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին և նրանցից բխող բոլոր հանցավոր երևույթներին, հանցագործներին։ Վիտալիի նմանները միայն այդ դեպքում համարձակություն չեն ունենա խոսելու։

Բայց քանի որ դա չկա, այս ամենի ֆոնին մարդիկ խոսում են, շահեր են պաշտպանում, քանի որ մեջտեղում գումարներ են պտտվում, իսկ գումար պտտողը Ռոբերտ Քոչարյանն է։ Որտեղի՞ց այդ գումարները… անօրեն հարստացած գումարներն է ծախսում։ Եվ այս ամենին Հայաստանի նոր իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am