Ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Մհեր Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե որ փուլում է գտնվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, 1lurer.am-ը տեղեկացնում է, որ ըստ Մհեր Գրիգորյանի, աշխատանքները բխում են և ընթանում են հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության շրջանակում, և այդ շրջանակում կա ստեղծված 2 փորձագիտական ենթախումբ, որոնք իրականացնում են բավական ծավալուն աշխատանք:

«Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որ հայտարարության իրականացման պարագայում հարաբերությունները պետք է կարգավորվեն ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց Հայաստանը միացած է, և որոնք այսօր գործում են»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Փորձագիտական աշխատանքը, ըստ նրա, պետք է ցույց տա, թե արդյոք բոլոր դրույթներն են, որոնք կիրառելի են և կարող են կիրառվել այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կձևավորվեն ապաշրջափակման պարագայում:

Ինչ վերաբերում է երեք երկրների փոխվարչապետների աշխատանքներին, նա նկատել է, որ այս պահին գործողություններն իրականացվում են հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում:

«Երբ լինի որոշումների կայացման հնարավորություն՝ ելնելով փորձագիտական եզրակացությունից, այդ ժամանակ, ընդհանուր կոնտեքստում, որոշումները կկայացվեն կամ չեն կայացվի: Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները:

Իրականության մեջ ամենահավանական տարբերակը ենթակառուցվածքների վերականգնումն է: Ժամանակին եղել են ենթակառուցվածքներ, ինչը նշանակում է, որ տեխնիկական հավանականությունը նման ենթակառուցվածք ունենալու այս կամ այն վայրում, ըստ էության կա, բայց ինչ վիճակում են դրանք հիմա, և ինչ ժամկետներում և ինչ ռեսուրսների մոբիլիզացմամբ է հնարավոր դրանք իրականացնել՝ պետք է հաշվարկվի և տեխնիկական զննություն իրականացվի»,- նշել է փոխվարչապետի պաշտոնակատարը:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որը բալանսավորված շահեր կենթադրի, իսկ դրանք միշտ նաև երաշխավորում են անվտանգությունը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: