Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում:

ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն է»,-ասաց Մուկուչյանը:

Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ մինչև ժամը 18:00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը մինչև ժամը 18:00-ն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսված է ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 26-ից մայիսի 30-ը: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի երեկոյան արդեն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը։