Սևանա լճի մակարդակի սենսացիան ու Panorama.am-ի մանիպուլյացիան. Fip.am

FIP.am-ը գրում է

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել. Panorama.am

Մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։  

«Առաջիկայում սպասվում է, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը։ 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ […] Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է»,- նշել էր նա։ 

Հայտարարությունից հետո Panorama.am կայքը հակադարձեց, որ Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել։ 

«2021 թ. մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա։ 2017 թ. մայիսի 26-ին, երբ Արփա-Սևան  ջրատարը 10 տարվա շինարարությունից հետո ընդամենը 1.5  ամիս էր, ինչ գործում էր, Սևանա լճի մակարդակը հասել է 1900 մետր 86 սմ, ինչը 24 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից և 6 սմ-ով բարձր է եղել լճի 1962 թվականի մակարդակի ցուցանիշից: 1962 թվականից ի վեր լճի մակարդակը նման ցուցանիշ չէր արձանագրել, այլ այն անընդհատ իջել է»,- գրել էր կայքը։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով է իրականում նորությունը սենսացիոն, և ինչ փոփոխություններ է գրանցել Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում։ 

Սևանա լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017 թ․-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի HMC-ի ներկայացրած տվյալներով՝ Սևանա լճի մակարդակը 2021 թ. մայիսի 13-ին կազմել է 1900.83 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով։

Նշված ցուցանիշը Սևանի համար բարձր է, սակայն վերջին 60 տարվա ընթացքում ռեկորդային չէ։ 2017 թ. մայիսին, ըստ վիճակագրական տվյալների, Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.88 մ, ինչ, իսկապես, վերջին 60 տարվա ցուցանիշներից բարձր է։ 

 Ավելին, կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ 2017 թ. հունիսի 5-24-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը գրանցվել է 1900.91 մ, այսինքն՝ դեռևս 2017 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը չի կրկնվել։ 

Նշենք, 2010-2017 թվականներին իրականացվում էին «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքները, և Արփա-Սևան ջրատարով 2017-ին տարեսկզբից մինչև մայիս Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը կազմել էր 93.141 խորանարդ մետր։ 

Մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը դեռևս ակնկալվում է

Թեև Panorama.am կայքը գրել էր, որ Փաշինյանի հայտնած ամենասենսացիոն նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել, բայց հատկանշական է, որ վարչապետի պաշտոնակատարը խոսում էր ոչ թե արձանագրված փաստի, այլ կանխատեսվող սպասելիքների մասին։ Այսինքն՝ Փաշինյանի նշած ռեկորդը պետք է գրանցվի 2021 թվականի հունիս-հուլիսին։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ ակնկալվում է, որ 2017-ի 1900.91 մ ցուցանիշը հունիս-հուլիս ամիսներին կգերազանցվի 9 սմ-ով՝ հատելով 1901 մետր սահմանը։ 

Ազիզյանը նշում է, որ կանխատեսումն իրենց կենտրոնի կողմից է արվել, ըստ որի՝ հուլիսի առաջին տասնօրյակում վերջին 60 տարվա ընթացքում Սևանի մակարդակը կհասնի ռեկորդային նիշի։

«Այս տարի հունիսի վերջ-հուլիսի սկիզբ սպասում ենք, որ կլինի ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը, մենք ակնկալում ենք, որ այդ ժամանակ կունենանք լճի մակարդակի 1901 մետր բացարձակ բարձրություն։ Հիդրոօդերևութաբանական բոլոր պայմանները կան, որ գրանցվի այդ ցուցանիշը»,- ասաց նա։ 

Հատկանշական է, որ նշված ցուցանիշը գրանցվելուց հետո անմիջապես հաջորդ ամսին այդ թիվը չի պահպանվելու՝ հաշվի առնելով, որ հունիսի առաջին տասնօրյակին Սևանա լճի մակարդակն ունի բարձրացման տենդենց, որից հետո արդեն, պայմանավորված ջրի գոլորշիացմամբ և ջրառով, մինչև հունվար նվազում է։ 

Օրինակ՝ 2017-ի բարձր ցուցանիշներից հետո հաջորդ տարվա հունվարին Սևանա լճի մակարդակը կազմել էր 1 900.41 սմ։ 

Լևոն Ազիզյանը նաև հավելեց, որ կանխատեսում են, որ 2022 թ. հունվարին 2021-ի հունվարի նկատմամբ լճի մակարդակը կբարձրանա 11 սմ-ով։ «Այսինքն՝ 1900.63 սմ, 1988 թվականից նման ցուցանիշ չենք ունեցել»,- ասաց նա։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի սենսացիան դեռ պետք է գրանցվի, իսկ panorama.am կայքը մանիպուլացրել է՝ նշելով, որ նորությունը դեռ 2017 թվականին էր արձանագրվել։ 

Նշենք, որ Fip.am-ը նաև հունիս-հուլիս ամիսներին կանդրադառնա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հասկանալու՝ արդյո՞ք լճի մակարդակի ռեկորդ գրանցվել է, թե՞ ոչ։