Արտահերթ ընտրությունների հետաձգում չի նախատեսվում, բայց նաև չի բացառվում. Civilnet

Billboards of ‘My Step’ Alliance have been placed in the streets before the Extraordinary Parliamentary Elections in Armenia

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պարագայում Հայաստանում կարող են սահմանափակումներ կիրառվել, որոնք կազդեն նաև սպասվող ընտրական գործընթացների վրա, սակայն ներկայում դրա անհրաժեշտությունը չկա․ այս մասին Սիվիլնեթին և Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանային լարվածության խորացման պարագայում հնարավո՞ր է արդյոք հունիսի 20-ին սպասվող խորդհրդարանական արտահերթ ընտրությունների հետաձգում, եթե հայտարարվի ռազմական կամ արտակարգ դրություն, գրում է Civilnet-ը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ հայկական կողմը փորձում է քաղաքական- դիվանագիտական ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած ճգնաժամը: 

«Մենք փորձում ենք այն դուրս պահել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցությունից, ինչքան հնարավոր է։ Չնայած հնարավոր չէ ամբողջովին բացառել»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ Երևանը խնդրի լուծման այլ ճանապարհով է ընթանում, և Հայաստանում այս պահին որևէ սահմանափակումներ այդ մասով չկան։

Միևնույն ժամանակ, իրավիճակի հնարավոր փոփոխությունը կարող է հանգեցնել որոշումների փոփոխության: «Եթե իրավիճակը փոխվի, բնականաբար այդպիսի որոշումներ էլ կկայացվեն։ Բայց այդպիսի որոշումներ միայն քննարկումներից հետո կկայացվեն, երբ որ անհրաժեշտությունը լինի։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, դա չի քննարկվում»,- ասել է նա։