Ռուբեն Հախվերդյանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Տիգրան Խզմալյանի հետ․ Հայկական ժամանակ

Տիգրան Խզմալյանի գլխավորած Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գրում է Հայկական ժամանակ-ը:

Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է:

Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց Տիգրան Խզմալյանը:

Հարցին՝ կուսակցության ընտրացուցակն արդեն կազմվա՞ծ է, հնարավո՞ր է այլ հայտնի մշակութային և քաղաքական գործիչների տեսնենք Եվրոպական կուսակցության ցուցակում, Խզմալյանն ասաց.

«Շաբաթ օրը՝ մայիսի 22-ին, մենք համագումար ենք անելու, որի ընթացքում էլ ցուցակը կհաստատենք»:

Խոսելով Հախվերդյանի հետ համագործակցության մասին՝ Տիգրան Խզմալյանը նշեց, որ վաղուց է, ինչ ինքը և Հախվերդյանը ընկերներ են.

«Միասին մասնակցել ենք բնապահպանական տարբեր ակցիաների՝ Թեղուտում, Ամուլսարում: Ռուբենն իր հասարակական գործունեությունը հիմնականում ծավալում է բնապահպանական ոլորտում և այդ ոլորտով էլ կզբաղվի, եթե անցնենք խորհրդարան»:

Հարցին՝ կուսակցությունն արդեն կարգախոս ընտրե՞լ է, Տիգրան Խզմալյանն ասաց.

«Մենք կարևորում ենք երկու գաղափար՝ անվտանգություն և ապագաղութացում: Մեր ծրագրվում ընդգծվում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, միանա ՆԱՏՕ-ին և Եվրոմիությանը»,- եզրափակեց Խզմալյանը: