«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ-ին որոշումներ պարտադրելու ցանկացած փորձ

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կուսակցության հայտարարությունը

Ս.թ. մայիսի 20 ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից փաստացի պարտադրվող նոր համաձայնագրին պաշտոնական Երեւանը մտադիր է հավանություն տալ, արտահայտելով միայն մեկ վերապահում, այն է` ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի դուրս բերում:

Առկա իրավիճակում, երբ.

– Արցախյան հակամարտությունը չի ստացել իր վերջնական կարգավորումը,

– չեն կատարվում 2020թ նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կարեւորագույն դրույթները, այն է` գերիների վերադարձ, հաղորդակցության ուղիների անվերապահ ապաշրջափակում,

– Ադրբեջանում չեն թաքցնում տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` շարունակական հայատյաց թունավոր պրոպագանդայի պայմաններում,

– Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական ներխուժման կապակցությամբ մինչ այժմ ստացված միջազգային արձագանքները (առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ, Ֆրանսիա) ներառում են Արցախյան կարգավորումը եւ միջպետական սահմանազատումը որպես մեկ միասնական փաթեթով համալիր քննարկման առաջարկ և պարունակում են հնարավորություն միջազգային մանդատի, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում,

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է.

1. Հայաստանի և Ադրբեջանի, ու ընդհանրապես՝ նման բարդ, արյունոտ եւ տասնամյակներով ձգվող հակամարտություն ունեցող երկրների միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա, հակամարտության կարգավորվածության, միջէթնիկ թշնամության պատճառների դե յուրե և դե ֆակտո վերացման դեպքում, իսկ դա հնարավոր է կրկին միջազգային մանդատի ներքո Արցախյան հակամարտության վերջնական, սպառիչ, համապարփակ կարգավորման պայմաններում։

2․ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահությունը պետք է անհապաղ ընդունի և հրապարակի իր որոշումը Արցախյան հարցի վերջնական կարգավորման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալիզացման պլան, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի բացառապես այդ պայմաններով խնդիրների փաթեթային լուծման տարբերակը։

3.Սահմանազատման խնդրի դե յուրե կամ դե ֆակտո տարանջատումը հակամարտության կարգավորումից մեծ վտանգներ է պարունակում, սանձազերծելով հակամարտության թեժացման, այլ ոչ թե հակամարտության կարգավորման տրամաբանությամբ մի գործընթաց, որը վերածվելու է Հայաստանի ինքնիշխանության վրա ազդելու և կամայականորեն սահմանագծելու, նոր սահմանազանցումների ազդեցիկ լծակի։

4․ Նման ճակատագրական և բախտորոշ որոշումներն առավել ևս չեն կարող ընդունվել ժամանակավոր կառավարության պայմաններում, առանց հանրային կարծիքի ու շահերի վերհանման, մանավանդ անօրինական պարտադրանքի ներքո, ինչը կարող է հանգեցնել ժողովրդավարության վիժեցմանը Հայաստանում եւ քաոսի սպառնալիք ստեղծել ոչ միայն երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետությանը որոշումներ պարտադրելու ցանկացած փորձ` դաշնակից համարվող երկրների երկդիմի դիրքորոշման պայմաններում, եւ կոչ է անում գործող իշխանությանը ձեռնպահ մնալ միջազգային հանրության վերահսկողություն դուրս գտնվող, ոչ թափանցիկ բանակցություններին մասնակցելուց, մինչեւ չստեղծվեն պատշաճ պայմաններ` մեր երկրի կենսական շահերը հաշվի առնելով կառուցողական գործընթացների համար: