Արմեն Գևորգյանը որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել. փաստաբանների հայտարարությունը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը.

«Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական և ակնհայտ ապօրինի։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորգարություն չհեռանալու մասին։ Արմեն Գևորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել։

Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսևորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել և չի պատրաստվում կատարել։

Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում և իր ամբողջ ներուժը դնել Հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու և կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր Հայորդի հպարտանա իր ազգի համար»: