Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը:

Մասնագետները նկատում են. աչքի համար ոչ այդքան տեսանելի ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը:

«Խողովակաշարն ամբողջությամբ վնասված էր, ջրավազանի ջրի մոտ 30-40 տոկոսի կորուստ էինք ունենում: Շատ երկար տարիների խնդիր էր: Ջուրը միշտ լցվում էր սարքավորումների սենյակ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Սպասարկող էլեկտրական բոլոր սարքավորումները համակարգչի հետ միասին այստեղ են գտնվում: Ցանկացած պահի ջրի արտահոսքի հետևանքով կարող էր տեխնիկան վնասվել, անգամ հրդեհ բռնկվել և ամբողջ համակարգը կվնասվեր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:


Տարբեր գույների և տարբեր բարձրությամբ ու ձևերով ջուր մղելու հնարավորություն ունեցող համակարգը կառավարվում է հենց այս սրահից: Սարքավորումներն այս պահին խնամքով փաթեթավորված են:


«Ամբողջությամբ այս հատվածը քանդվել է 4մ խորությամբ, որ խողովակները փտած վիճակում էին գտնվում, ամբողջությամբ վերականգնվել են: Որտեղ ռելիեֆը չէր համապատասխանում չափանիշին և ջուր էր կուտակվում, նաև այդ հատվածների խնդիրն ենք լուծում»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:


«Կառուցվել է նոր հենապատ, ջրամեկուսացում է ապահովվել, սալիկները վերականգնվել են, և այս պահին ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված է»,- ասում է «Լիլանարմ» ՍՊԸ պատասխանատու Նարեկ Պողոյանը:


Իր բարձրարվեստ ճարտարապետական կառուցվածքով քաղաքի այցեքարտը դարձած Հանրապետության հրապարակը քաղաքի բնակիչների ու հյուրերի համար ավելի գրավիչ է տարվա տաք ամիսներին՝ նույնքան բացառիկ երգող շատրվանի շնորհիվ: Եվս մի քանի օր, ու Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կսկսի գործել: