Ապշեցնում է՝ ի՞նչ պատահեց մեզ․ ադրբեջանցիները 30 հոգով մտնում են ՀՀ տարածք, և ոչ մի ցասում չկա․ Թաթուլ Հակոբյան. տեսանյութ. Factor.am

Factor TV-ի հարցազրույցը լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, Դուք առաջիններից էիք, որ հայտարարեցիք, թե հակահայկական փաստաթուղթ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի գիտակցի՝ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը և չգնա արկածախնդրության։ Դուք ա՞յս փաստաթուղթը նկատի ունեիք, որ հրապարված է։ Եթե այո, ապա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Ադրբեջանը համաձայնվի սեղանին դրված փաստաթղթին, դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին և ինքը կստորագրի։ 

-Այո, մոտավորապես դա նկատի ունեի։ Իհարկե, ես նաև ողքից այլ զարգացումներ նկատի ունեի, որոնք չէի կարող հրապարակել, որովհետև մենք՝ լրագրողներս, պետք է կարողանանք մեր աղբյուրները փակ պահել և տանք այն չափով, ինչ չափով դա թույլ է տալիս լրագրությունը։ Սա մի փաստաթուղթ է, որը տանում է, և մենք այդ ճանապարհին ենք, հիմա՝ անունը կարող ենք դնել 100 տոկոսանոց հայամետ, թե՝ ինչ, բայց սա տանում է նրան, որ մենք՝ Հայաստանը, ճանաչում է կամ համաձայնվում է սկսել մի գործընթաց, որի վերջնարդյունքում ճանաչում ենք Խորհրդային Ադրբեջանի սահմանները և այդ սահմաններից ներս՝ Լեռնային Ղարաբաղը։ Սա ես նկատի ունեի։

-Պետության սահմանների ճանաչումը կամ տարածքային ամբողջականություն ճանաչելը տարբե՞ր երևույթներ են, և՝ ինչո՞վ։

-Այո, դրանք տարբեր բաներ են։ Շատ կարճ բացատրեմ՝ որն է տարբերությունը։ Երբ որ դու անդամակցում ես ԱՊՀ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրախորհրդին և միջազգային այլ կառույցների, դու ավտոմատ կերպով ընդունում ես այդ երկրի կամ այդ խաղի կանոնների մաս ես դառնում, և դու ճանաչում ես այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Այլ բան է սահմանների ճանաչումը, դա այլ բան է, երբ որ դու հստակ ճանաչում ես երկրի սահմանները։