Մարիամ Սուխուդյան. «Արթո՞ւն ես, զինվո´ր»

«Մեռնելն ամոթ ա»,- ասում է Մարիամ Սուխուդյանն ու ապրում օգնելու, պաշտպանելու համար երեխաներին, ծառերին, կենդանիներին:
Փխրուն, մանրիկ, երազկոտ Մարիամը նվիրված է իր ընտրած ուղուն, որը մեր իրականության մեջ պարտադրում է լինել ուժեղ, ինքնասածի, համառ:
Առավոտյան աչքերը բանալուց  ու ձգվելուց հետո Մարիամն ինքն իրեն հարցնում է` արթո՞ւն ես,  զինվո´ր:
Իսկ վհատ ժամանակ «լիանալու, լուսավորվելու, ուժեղանալու»  համար Մասիվի իրենց տնից իջնում է բուսաբանական  այգի, հավաքում թափված շշեր, տոպրակներ  ու պառկում խոտին:

«Պոպոքի ծառն ինձ համար Աստծո արտացոլումն ա:  Հպվում  եմ ծառին ու միանում տիեզերականին»: Նա երազում է, որ մարդիկ հասկանան` ամեն ոք աշխարհ է եկել իր առաքելությամբ. «Ամեն մեկիս մեջ դրված ա տիեզերականը, մնում է հավատանք ինքներս մեզ»:

2010 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Մարիամին շնորհեց «Խիզախ կին» մրցանակը, որն առաջին անգամ էր շնորհվում Հայաստանում:

Մրցանակը հանձնվել է շրջակա միջավայրի և հատուկ կարիքներ ունեցող երեխաների պաշտպանությանը և արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվություն, խիզախություն և առաջնորդություն ցուցաբերելու համար:

Մարիամն ասում է. «Ամոթ ա,  որ Ամերիկայի դեսպանությունն ինձ նման մրցանակ  է տալիս, երբ իմ երկրում ես անընդհատ փակ դռների եմ բախվում»:

Մինչ Ամերիկայի դեսպանությունը նման մրցանակ էր շնորհում Մարիամին, նրա դեմ քրեական գործ էր հարուցված.  նա բարձրաձայնել էր  Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի` երեխաների նկատմամբ սեռական բռնությունների մասին:

«Գիշերօթիկ դպրոցին օգնություն էի տանում,  հագուստ ու խաղալիք էի հավաքում, լվանում, դասավորում ու տանում, հիմա էլ եմ անում»,- պատմում է Մարիամն ու բացում  իր սենյակի դուռը, ուր գետնին նստած իրենց նոր տերերին են սպասում երկու մեծ շագանակագույն արջուկներ:

«Հետո ընկերներով մտածեցինք, որ շորը կմաշվի` կգնա, ավելի լավ կլինի ինչ-որ մնայուն բան անենք ու սկսեցինք ավելի շատ ժամանակ տրամադրել երեխեքին, ես բնապահպանական  զրույցներ էի ունենում հետները»:

Երեխաների հետ արշավներ են գնացել, ինչպես Մարիամն է ասում` բնությունն օգնում է մարդուն կապանքներից ազատվելու, հավանաբար հենց այդ ազատության զգացումից  աղջիկները  սկսել են  պատմել իրենց գաղտնիքների և վախերի մասին` պատմելով դաժանաբար  ծեծող և «վատ բաներ անող» ուսուցչի մասին:

«Ցնցվել էի լսածիցս, չգիտեի` ի´նչ անել: Առաքելական եկեղեցի դիմեցի,  «Օրինաց երկրից» մի պատգամավորի հետ զրուցեցի, ասեցին` ոչնչով չեն կարող օգնել»,-լռության օղակը կարողացել է կոտրել Հ1-ի լրագրող Սյուզան Սիմոնյանը` հեռարձակելով տեսանյութ, որից հետո հեռացվել է աշխատանքից:

«Եթե լռում ես, ուրեմն մասնակից ես»,- ասում է  Մարիամը:

Դատական  քաշքշուքներից հետո դպրոցի ուսուցիչը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Իսկ Մարիամը հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 1 մլն դրամ, քանի որ ոստիկանությունը խախտել է անմեղության կանխավարկածը, «ՀՀ ոստիկանապետն ինձ անվանել է «անմեղ մարդկանց զրպարտող և անչափահասներին պատժելի արարքների դրդող», իսկ Սայաթ Շիրինյանը` «հանցագործ»:

Դատական նիստը  նախատեսվում է նոյեմբերի 1-ին:

«1 միլիոնն էլ կտամ Նուբարաշենի գիշերօթիկի երեխեքին, իրանք էնքան փխրուն են ու նուրբ: Ես շատ դժվարությունների միջով անցա, բայց հիմա եթե հարցնեին` կուզեի՞ր այս ամենը չլինել, կասեի` թող լիներ: Սա մի պեդոֆիլի խնդիր չէր»,- Մարիամը այս ամենը նմանեցնում է մի երկար շղթայի. եթե մի բջիջ այստեղ փոխվեց, մի ուրիշը հնարավորություն կունենա բուժվելու:

Դեսպանության մրցանակը պահում է իր սենյակում` ապակե շրջանակի մեջ, սակայն կուռք չի սարքում:

«Կցանկանայի նախևառաջ գնահատված լինել իմ պետության կողմից, իմ երկրում ինձ պաշտպանված զգալ»,- ասում է Մարիամը, որը տարիներ շարունակ ներգրավված է արդարության համար պայքարում:

2007 թվականին Մարիամն իմանում է, որ Թեղուտի անտառում պատրաստվում են  պղնձամոլիբդենային հանքավայր հիմնել, և ակտիվորեն պայքար է մղում  անտառի վերացման դեմ:  Նա չի սիրում Մասիվի իրենց բարձրահարկ շենքի բնակարանը:

«Էս բետոնը, արմատուրաները ոնց որ գերեզման լինեն: Երբ գնում ես բնության գիրկ, հասկանում ես,  որ բետոնը չի քո տունը, քեզ ստիպողաբար են դրել բետոնի մեջ, մարդու տունը բնությունն ա»,- համոզված է բնության նվիրյալը:

Թեղուտի պաշտպանության համար մղվող դժվարին պայքարում Մարիամը զարմանում է. «Սա պետք է դիտվեր որպես ոչ թե իշխանությունների դեմ պայքար, այլ պայքար հանուն մեր և նրանց առողջ ու լիարժեք կյանքի»:

Մարիամը բացատրում է, որ աշխարհի հետ շուռ են եկել նաև բառերի իմաստները. «Կառուցել` նշանակում է քանդել, «Առա~ջ, Հայաստա´ն»-ը` «Հե~տ,  Հայաստա´ն», այգին բարեկարգել` հանրային կանաչ տարածքը բետոնապատել ու էդպես շարունակ…»:

Ինքն իրեն հաճախ անպաշտպան զգացող 30-ամյա Մարիամը փորձում է պաշտպանել երկրագնդի երեսի բոլոր անպաշտպաններին, իսկ կենդանիներին պաշտպանելու համար ուղղակի չի ուտում նրանց միսը:

Երբ իմացել է, որ մասնագիտությամբ բժշկուհի քույրը, որը բազմաթիվ անգամ բացատրել է  Մարիամին թե որքան կարևոր է միսը սննդակարգի մեջ, նույնպես բուսակեր է դարձել, նրան  գրել է. «Մի ոչխարհի մահվան լուր պակասեց, մի կովի բառաչ ավելացավ: Շնորհակալ եմ, կյա~նքս, որ գնահատեցիր ուրիշի կյանքը, որ արյուն քիչ կթափվի մեր տիեզերքում, որ սերը շատացավ: Ես, մամաս, քույրս արդեն կանաչե~լ ենք, մնաց պապաս»:

Բուսակեր է նաև Մարիամի ընկերը, նրա մասին խոսելիս Մարիամը խորամանկ ժպտում է.

«Ես աշխարհն եմ գրկել, ինքը` ինձ»:

Մարիամը երազում է, որ հայ ժողովուրդն ուժեղանա, չնստի ու սպասի սփյուռքի օգնությանը: Ակտիվ քաղաքացու կյանք վարող Մարիամն ունի առողջական խնդիրներ, որոնց  բուժման համար ժամանակ չի գտնում. «Ասես թեժ գիծ լինեմ, ամեն տեղ կամ, ուզում եմ հասցնել բոլոր անիվները պտտել»:

Նա հաճախ է օգնության ու խորհրդի կարիք զգում:

«Գուցե ինչ-որ բան սխալ եմ անում ու չգիտե՞մ»,- ժպտում է նա:

Նման մտորումների ժամանակ Մարիամը գլուխը հանում է բարձրահարկ շենքի առաջին հարկի իրենց պատուհանից, ձգվում, փորձում տեսնել երկինքը, հետո վերադառնում է համակարգչի մոտ  ու ֆեյսբուքի իր էջում մեծ տառերով գրում.

«Աստվա´ծ իմ, պարոլդ կասե՞ս»:

Արփի Մաղաքյան

© Medialab.am