«Բելավիա» ավիաընկերությունից վստահեցնում են՝ դեպի Հայաստան չվերթները չեն չեղարկվել

«Բելավիա» ավիաընկերությունից վստահեցնում են, որ դեպի Հայաստան չվերթները չեն չեղարկվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ավիաընկերությունից, այս պահին ստիպված են չեղարկել չվերթները դեպի Վիլնյուս, Լոնդոն, Փարիզ։  

«Եթե այլ արգելքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ հայտնվեն, մենք անպայման օպերատիվ կերպով նորություններ կհրապարակենք կայքում և սոցիալական ցանցերում»,- ասաց «Բելավիա» ավիաընկերության ներկայացուցիչը:

Ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ մի շարք երկրներ չվերթների կատարումը չեղարկելու կապակցությամբ ավիաընկերության տեղեկատվական-տեղեկատու ծառայությանը դիմումներն աճել են:

«Ստեղծված իրավիճակում ավիաընկերությունն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի յուրաքանչյուր ուղևոր ստանա հետաքրքրող հարցի պատասխանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Եվրամիության պետությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում Ryanair ավիաընկերության օդանավի անձնակազմին վայրէջքի հարկադրելը և պահանջել են անհապաղ ազատ արձակել կալանավորված լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն:

ԵՄ գագաթնաժողովը մայիսի 24-ին որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռչել Եվրամիության օդային տարածքով, ինչպես նաև առաջարկել է եվրոպական ավիափոխադրողներին հրաժարվել թռիչքներից այդ երկրի օդային տարածքով: