Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում:

Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Իրանի առևտրի պալատի նախագահ Գոլման Հուսեյն Շաֆեիի միջև:

Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:

Համաժողովի ընթացքում գործարարներին մասնավորապես հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտներում նոր փոփոխությունները:

ՊԵԿ պատվիրակության կողմից մատնանշվել են վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնք էական ազդեցություն են ունեցել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Էդվարդ Հովհաննիսյանը հորդորել է գործարարներին հարկային և մաքսային վարչարարության կիրառման հետ կապված ցանկացած հարցով դիմել ՊԵԿ համապատասխան մասնագետներին:

Կոմիտեի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցություններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման նպատակով: